01 04 2020

Համավարակի «կառավարումը» իրականացվում է ժողովրդավարույան ոտնահարմամբ․ ՀՅԴ

Համավարակի «կառավարումը» իրականացվում է ժողովրդավարույան ոտնահարմամբ․ ՀՅԴ

«Ծանր ժամանակներ եւ մարտահրավերներ դիմագրավող մեր հասարակության համար, երբ ավելի քան կենսական են հասարակական համերաշխությունը, քաղաքական հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների արժեւորումն ու անխափան գործունեությունը, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը  դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլյատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճությունները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունեության եւ հանրային համերաշխության առաջնահերթությունից: Այս մասին հատարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը։

«Համավարակի դեմ պայքարի հիմնավորմամբ ՀՀ կառավարությունը հրատապ ռեժիմով Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փոփոխությունները ենթադրում է այնպիսի տոտալ վերահսկողության սահմանում, որը խաթարում է անձնական, մասնավոր եւ ընտանեկան կյանքի սահմանադրական անձեռնմխելիությունը։ Պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետության, սահմանադրական հիմնարար իրավունքների խաթարման եւ անվտանգության տեսանկյունից խնդրահարույց այս նախաձեռնությունը  արդարացիորեն ընդվզման եւ դժգոհությունների տեղիք տվեց։  Խորհրդարանական քվեարկությամբ նախագծի մերժումից հետո էլ, օրվա իշխանությունը ոչ միայն չհրաժարվեց իր նախաձեռնությունից, այլեւ, արհամարական վերաբերմունք դրսեւորելով խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, նոր արտահերթ  նիստում կազմակերպված քվեարկությամբ վավերացրեց այն։

Ծանր ժամանակներ եւ մարտահրավերներ դիմագրավող մեր հասարակության համար, երբ ավելի քան կենսական են հասարակական համերաշխությունը, քաղաքական հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների արժեւորումն ու անխափան գործունեությունը, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը  դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլյատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճությունները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունեության եւ հանրային համերաշխության առաջնահերթությունից:

Այսպիսի քաղաքական վարքագծով, ժողովրդավարության կոպիտ ոտնահարմամբ, միանձնյա կերպով եւ անսխալականության բարդույթի  պայմաններում էլ իրականացվում է համավարակի կանխարգելման «կառավարումը»: 

Ճգնաժամային կառավարման համար պատասխանատու մարմինների ու նրանց լիազորությունների հստակեցման, կշռադատված ու ժամանակին կատարված քայլերի, արդյունավետ եւ օպերատիվ կառավարման փոխարեն հետեւողական կերպով փորձեր են կատարվում քաղաքացիների եւ ԶԼՄ-ների նկատմամբ չպատճառաբանված սահմանափակումներ եւ տոտալ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ Անտեսվում են առաջնահերթ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ձեռնարկվում են քայլեր, որոնք այնքան էլ համարժեք չեն համավարակի ընդգրկվածությունը նվազեցնելու, մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, ինչպես նաեւ հետագա տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական ցնցումները մեղմելու, երկրի անվտանգությունը երաշխավորելու պետության պարտավորությունների հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների  այս կեցվածքն ու վարքագիծը՝ մեկ անգամ եւս արձանագրելով, որ միայն միասնական ջանքերով եւ հանրային համերաշխությամբ է հնարավոր հաղթահարել այս աննախադեպ մարտահրավերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ