01 04 2020

Ադրբեջանում առաջարկում են լուծել ԼՂ հարցը, քանի Փաշինյանը պառակտել է ՀՀ-ն․ Zham

Ադրբեջանում առաջարկում են լուծել ԼՂ հարցը, քանի Փաշինյանը պառակտել է ՀՀ-ն․ Zham

Zham.am-ը գրում է․ «Այս օրերին, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, հարևան Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆիգարովը առաջարկում է Ալիևի վարչակարգին հարձակվել Հայաստանի վրա և վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը:

Հետաքրքիր է, որ Զուլֆիգարովը սկզբում առանձին հոդվածով հանդես եկավ այդ առիթով և անկեղծորեն առաջարկեց հարձակվել Հայաստանի վրա` անկեղծ հիմնավորելով՝  քանի դեռ աշխարhը զբաղված է կորոնավիրուսով,  ոչ ոքի չի հետաքրքրի հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հեռանկարը: Ըստ նրա, պետք է պարզապես պահը ճիշտ որոշել և անցնել հարձակման:

Ըստ Զուլֆիգարովի, և Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են ծանր վիճակում, սակայն ըստ նրա, Ադրբեջանը ունի կուտակած միջոցներ, ի տարբերություն Հայաստանի, ով փաստացի հայտնվել է լիակատար շրջափակման մեջ:

Սակայն մի քանի օր անց նա սրբագրեց իր մտքերը և հայտարարեց, որ ...«պատերազմը շահավետ է Փաշինյանին, ով հայտնվելով ծանր վիճակի մեջ, կուզենա շեղել իր հանրության ուշադրությունը`  բոլոր բացասական երևույթները  վերագրելով պատերազմի վրա»...: Շարունակելով իր միտքը` Զուլֆիգարովը նշում է, թե իբր Հայաստանը այս պատերազմում պարտվելու է, և որպեսզի իր իշխանությունը պահպանի, Փաշինյանը մեղքը գցելու է Մոսկվայի վրա և փորձելու է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից՝ կողմնորոշվելով դեպի Արևմուտքի ուղղությամբ...: Եվ այդ հարցում, ըստ այս նույն Զուլֆիգարովի, Փաշինյանը օգտվելու է Հայաստանի սորոսականների ծառայություններից:

Պարզ է, որ Զուլֆիգարովի այս տեսակետը պարզ և պրիմիտիվ մանիպուլյացիա է: Այդ քայլով նա փորձում է հող նախապատրաստել, թե իբր ապագա հնարավոր այս պատերազմական գործողություններում մեղավորը լինելու է Փաշինյանը:

Հավանաբար, Զուլֆիգարովին այս միտքը հուշել են կողքից, որպեսզի նրա առաջարկների փաթեթը «հիմնավորված» լինի:

Այն, որ պատերազմով շահագրգռված կարող է բացառապես ադրբեջանական կողմը լինել, ակնհայտ է, քանզի նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանի վիճակն ավելի ծանր է լինելու, քան Հայաստանի վիճակը: Եվ այդ իմաստով Զուլֆիգարովի զառանցանքները գրոշի արժեք չունեն: Սակայն մի հարցում նա ճիշտ է: Փաշինյանը իրոք պառակտել է Հայաստանը և այս իրավիճակը, կորոնավիրուսի հետ միասին,  իդեալական հիմք է տալիս Ադրբեջանին օգտվելու այս իրավիճակից՝ սկսելու համար ռազմական գործողություններ Հայաստանի դեմ:

Ինչ վերաբերվում է հայկական կողմին, ապա այս իրավիճակում Փաշինյանը պարտավոր է 180 աստիճան փոխել իր վարքագիծը և չշարունակել երկրում խորացնել ատելության մթնոլորտը: Հակառակ պարագայում ավելի շատ մարդ կսկսի հավատալ, որ Զուլֆիգարովի դատողությունները  Հայաստանում ինչ-որ հիմք ունեն, կապված Փաշինյանի և սորոսականների մտադրությունների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ