01 04 2020

Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Ավետիք Չալաբյան

Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Ավետիք Չալաբյան

Մարտի 31-ի ուշ երեկոյան Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ուժերով արտահերթ նիստ գումարեց, որում այն կարողացավ ի վերջո ընդունել «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի խիստ վիճահարույց նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա նշել է. «Այս օրենքին արդեն անդրադարձել եմ, ու շարունակում եմ կարծել, որ նրա ընդունումը հիմնավորված չէր, եւ որեւէ շոշափելի դրական արդյունք չի տալու, փոխարենը անհիմն սահմանափակելով մեր իրավունքները։ Մինչ նախագծի ընդունումը սակայն, տեղի ունեցան մի շարք ուշագրավ ելույթներ։ Ուշադիր հետեւելով դրանց՝ ես իշխող մեծամասնության հարգարժան ներկայացուցիչներին կուզեի մի քանի հարց տալ․

Ա) Համարյա բոլոր ելույթներում հնչում էր այն միտքը, որ իշխող մեծամասնությունը գործում է զուտ մարդկանց առողջության եւ կյանքի անվտանգությունից ելնելով, եւ պետք չի նրա գործողություններում այլ ենթատեքստ փնտրել։ Սակայն իրականությունը այն է, որ վարակման առաջին դեպքը Հայաստանում հայտնի է դարձել դեռեւս մարտի 1-ին, տասնյակ մարդիկ են մեկուսացվել Ծաղկաձորում, այդ նույն ընթացքում համավարակը արդեն մեծ քանակությամբ զոհեր էր տանում Չինաստանում եւ Իտալիայում, սակայն իշխող ուժը համառորեն դեռ երկու շաբաթ շարունակվում էր հանրաքվեի քարոզարշավը, ի հեճուկս բազմաթիվ կոչերի (ներառյալ իմ կողմից)՝ այն դադարեցնել եւ լրացուցիչ վտանգներ չստեղծել մարդկանց առողջության համար։

Հարց՝ իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ, ինչո՞ւ էիք շարունակում համառել, թեեւ իրավիճակը աշխարհում արդեն սպառանալից էր դառնում։

Բ) Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց մարտի 16-ին։ Այդ պահի դրությամբ երկրում կար պաշտոնապես 45 վարակված։ Երեկվա դրությամբ, 15 օր անց, կար պաշտոնապես 532 վարակված, աճը՝ 12 անգամ։ Նույն ընթացքում, հարեւան Վրաստանում վարակվածների թիվը հասել ընդամենը 110 մարդու, Հայաստանից 5 անգամ պակաս։ Դուք ունեիք այս ընթացքում արտակարգ դրությամբ պայմանավորված, ընդարձակ գործիքակազմ՝ սահմանափակելու մարդկանց տեղաշարժը, մեկուսացնելու վարակակիրներին, սակայն վարակը այնուամենայնիվ սրընթաց տարածվեց։

Հարց՝ կարող եք բացատրել, թե ի՞նչը խանգարեց ձեզ հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակելու վարակի սրընթաց տարածումը, եւ ո՞վ է դրա համար մինչ այժմ պատասխանատվություն կրել։

Գ) Այս պահի դրությամբ, Հայաստանում իրականացված է 3000-ից էլ պակաս թեստ, այն դեպքում, երբ հարեւան երկրները օրական հազարավոր եւ տասնյակ հազարավոր թեստեր են իրականացնում: Արագ թեստերը արժեն ընդամենը հատը 2000-3000 դրամ, դրանց վրա ընդհանուր ծախսը անհամեմատելի է վարակի տված վնասների հետ։ Հարց՝ ի՞նչն էր ձեզ խանգարում կարգով ավելի շատ թեստեր իրականացնել մինչեւ հիմա, եւ դրանով հայտանշել եւ սահմանափակել պոտենցիալ վարակակիրներ շրջանակը։ Համոզվա՞ծ եք, որ առանց թեստավորման մարդկանց տեղաշարժը սահմանափակելն ավելի արդյունավետ է, քան թեստավորումը։

Դ) Եվ վերջապես՝ տարբեր ելույթներում բազմիցս հնչեց այն միտքը, որ վարակի արագ տարածման պատճառը մեր ժողովրդի ցածր ինքնագիտակցությունն է եւ անպատասխանատու վերաբերմունքը։ Yandex ընկերության կողմից կատարված հետազոտությունը սակայն ցույց է տալիս (հղումը ստորեւ), որ ԱՊՀ բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ գործում է այդ ընկերությունը, Երեւանն ունի ինքնամեկուսացման ամենաբարձր գործակիցը, որը ինքնին արդեն կասկածի տակ է դնում այդ պնդումը։

Տառացիորեն մեկ ամիս առաջ, նույն պատգամավորները սակայն պնդում էին, որ մեր երկրում ժողովրդի կամքը բարձրագույն արժեք է, եւ նրա խոսքը պետք է օրենք լինի բոլորի համար։ Հարց՝ ինչ է փոխվել այդ մեկ ամսվա ընթացքում, ինչու է հանկարծ այն ժողովուրդը, որի խոսքը պետք է օրենք լիներ ձեր համար, դարձել անգիտակից եւ անպատասխանատու։ Իսկ գուցե ժողովուրդը նույն ժողովուրդն է, պարզապես դուք արտակարգ իրավիճակի պայմաններում սկսել եք խուճապի մատնվել, եւ փորձում եք հիմա էլ պատասխանատվությունը արդեն ժողովրդի վրա՞ բարդել։

Ես արտակարգ դրության առաջին օրվանից ողջունել եմ այն՝ այն հույսով, որ դա թույլ կտա կանխել վարակի արագ տարածումը, եւ մեղմել հանրային առողջության եւ տնտեսության վրա բացասական ազդեցությունը, որն արդեն մի շարք այլ երկրներում սկսել է ազգային աղետի վերացվել։

Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի զարգացումներից կկարողանաք մեր երկրում խուսափել, եւ առաջիկայում կայունացնել համաճարակային իրավիճակը Հայաստանում։ Սա սակայն իշխանությունից շատ ավելի պատասխանատու գործելաոճ է ակնկալում՝ ներառյալ սեփական սխալներն ընդունելու եւ վերլուծելու կարողություն, մշտական երկխոսություն բնակչության տարբեր շերտերի, եւ համագործակցություն երկրի բոլոր կարող ուժերի հետ՝ իրենից դուրս պարբերաբար մեղավորներ փնտրելու փոխարեն։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն եւ համբերություն եմ ցանկանում, այս դժվար վիճակից դուրս գալու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ