30 03 2020

Գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում. Էլինար Վարդանյան

Գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում. Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդու իրավունքների համար պայքարը դարերի պատմություն ունի, այն բարդ ճանապարհ է անցել, և մարդիկ դժվարությամբ են վաստակել իրենց իրավունքների ամրագրումը։ Երբ բախվում ենք արտակարգ դրության ժամանակ դրանք սահմանափակելու խնդրին, կարծես մոռացվում է այդ իրավունքների կարևորությունը։

Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ում քննարկվող նախագիծը. տոտալ վերահսկողություն մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում: Այս կարգավորումները ամենևին չեն արտացոլում և չեն որոշակիացնում այն նպատակները, որոնք դրված են նախագծի հիմքում։

Նախագծով որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում են կարգավորումները, սահմանված չէ այն կիրառելու եղանակը և բողոքարկման հնարավորությունը։

Միջազգային բազմաթիվ փաստաթղթեր նախատեսում են մարդու իրավուքները սահմանափակելու հնարավորություն։
Բայց այդ փաստաթղթերը նաև սահմանում են, որ սահմանափակումը պետք է լինի խիստ որոշակի և խիստ համաչափ։ Այս նախագիծը խնդրահարույց է մարդկանց շրջանակի, հավաքվող ինֆորմացիայի ծավալի, դրանց մշակման և պահպանման և հետագայում դրանց նպատակային օգտագործման և ոչնչացման որոշակիության առումով։

Եվ ի վերջո նախագծի համաչափության տեսակետից առաջացող գլխավոր հարցը. արդյոք տոտալ վերահսկողությունը լուծում կամ մեղմացնում է համաճարակի տարածման հնարավորությունը։ Այս հարցի վերաբերյալ ներկայացված հիմնավորումները համոզիչ չեն։

Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ