30 03 2020

Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել. Արցախի ԿԸՀ նախագահ

Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել. Արցախի ԿԸՀ նախագահ

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել: Այս մասին մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով, մարտի 30-ին Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է. «Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով: Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել են 280 տրկանա տեղամասեր, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է»:

Անդրադառնալով քարոզարշավին ԿԸՀ նախագահն ասաց, որ այս քարոզարշավն աչքի ընկավ որոշակի հուզականության բարձր մակարդակով. «Հաշվի առնելով ընտրություններին մասնակցողների բավական մեծ կազմը, չէր կարող ընտրական պրոցեսը զերծ լինել որոշակի դժգոհություններից, հնարավոր է նաեւ խախտումներից: Բնականաբար, դրանք ամփոփվելու են և ներկայացվելու են մեր կողմից: Չէի ցանկանա այդ դեպքերին առանձին-առանձին հիմա անդրադառնալ: Ասեմ, որ դրանց թիվը մեծ չէ, բայց կան: Չի բացառվում, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն լինի մանրամասն քննարկել դրանք: Դրանցով զբաղվել են իրավապահ մարմինները՝ դատախազությունն ու ոստիկանությունը: ԿԸՀ-ում ստացվել են որոշակի դիմումներ, տեղեկատվությունը խախտումների, դժգոհությունների, առաջարկությունների վերաբերյալ, կամփոփվեն եւ կներկայացվեն հանրությանը»,-ասաց Արզումանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ