30 03 2020

Դրանք սադրիչներ են, ահաբեկիչներ են․ Բալասանյանի պատասխանը՝ Բադասյանին



«Պարոն Բալասանյան, Դուք ասում եք, որ Արցախը առանձին հանրապետություն է, Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և նրանք էլ Ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են։ Արդյո՞ք Դուք նախագահ ընտրվելուց հակամարտության մեջ եք մտնելու և սեպ եք խրելու Արցախի և Հայաստանի միջև»,- մարտի 29-ին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ Վահան Բադասյանը հարցրեց Վիտալի Բալասանյանին։

«Ես ասել եմ, հիմա էլ եմ կրկնում նրանց համար, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն միջազգային քաղաքականությունից և Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումներից, թե ինչ է կատարվում։ Մինչև Արցախը միջազգայնորեն չճանաչվի, այո՛, Արցախը երկրորդ հայկական հանրապետություն է»,- պատասխանեց Վիտալի Բալասանյանը և շարունակեց․ «Ես որևէ մեկին չեմ սատարում անձնական, ես անվտանգության հարցերում ՀՀ նախկին և ներկա իշխանությունների հետ պատրաստ եմ եղել, հիմա էլ եմ պատրաստ համագործակցել բոլորի հետ։ Ես որևէ խնդիր չունեմ։

Այն ասեկոսեները, ինչի մասին Դուք և Ձեր համախոհները բարձրաձայնում եք, ցույց տվեք մի դեպք, երբ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ինձ սատարում են, կամ սատարել են ժամանակին ինչ-որ հարցերում»։

Վահան Բադասյանի արձագանքին, թե՝ «Դուք ասել եք՝ ով ոտք դնի Արցախի սահմանին, և համարի, որ Արցախը Հայաստան է, ուրեմն թող ոտք չդնի։ Մեր «Միացյալ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ արդի պայմաններում մենք դե ֆակտո միացված ենք արդեն, մնում է ձևակերպել, և մենք մասնակցենք Հայաստանի հանրապետական ընտրություններին, այսինքն՝ վերականգնվի մեր ընտրելու իրավունքը։ Դուք արդյո՞ք եթե նախագահ ընտրվեք, մեզ հետ նույնն եք վարվելու»,- Վիտալի Բալասանյանը պատասխանեց․ «Այն ահաբեկիչները, որոնք կյանքով ինձ պարտական են, նրանք, ովքեր չեն ճանաչում, չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այն Սահմանադրությունը, որ քվե էր տվել մեր ժողովուրդը, իհարկե, չպետք է ոտք դնեն։ Դրանք սադրիչներ են, դրանք ահաբեկիչներ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ