27 03 2020

Կանխել կորոնավիրուսի և հեղափոխության ներթափանցումն Արցախ․ Politik.am

Կանխել կորոնավիրուսի և հեղափոխության ներթափանցումն Արցախ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանում պաշտոնապես մահվան առաջին դեպքն է գրանցվել կորոնավիրուսից։ Վարակված է 320 հոգի։ Զինծառայողներից 3–ի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել և հետզհետե խստացվում են դրա ռեժիմները։

Այս ամենի ֆոնին զարմանալի ու կասկածելի է, թե ինչու Արցախում չի հայտարարվում արտակարգ դրություն, որի պայմաններում հնարավոր կլինեին այնպիսի միջոցառումներ, որոնք կկանխեին Հայաստանից կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կամ էլ դրա ենթադրյալ տարածման ռիսկերը կնվազեցվեին։ Հակառակ բանականությանը, Արցախում չեն նկատում կորոնավիրուսին և պատրաստվում են մարտի 31–ին կայանալիք ընտրություններին։

Ակնհայտ է, որ ընտրատեղամասերում վարակվելու ռիսկային գոտի է առաջանալու, այդ թվում՝ Արցախի բանակի համար։ Բոլորն էլ հասկանում են ռիսկը, բայց քայլ չի արվում։ Բակո Սահակյանը չի գնում կոնկրետ քայլերի։ Նշանակում է խանգարող բան կամ մարդ կա։

Ո՞վ է այն ազդեցիկ ուժը կամ մարդը, որ թույլ չի տալիս հետաձգել ընտրություններն Արցախում։ Դա միայն մեկ հոգի կարող է լինել։ Դա այն մարդն է, ով կառավարության վերջին նիստի ժամանակ էլ հայտարարեց, թե Արցախում ընտրությունների հետաձգման պատճառ չի տեսնում՝ այդպիսով մատնելով, որ հենց ի՛նքն է հետաձգում թույլ չտվողը։ Այդ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Վարչապետը խնդիր է դրել հեղափոխությունն արտահանել Արցախ։ Նրա այդ ցանկությունն այնքան մեծ է, որ նա, անգամ Հայաստանից կորոնավիրուսի արտահանման վրա ուշադրություն չդարձնելով, ցանկանում է հեղափոխությունն արտահանել Արցախ։ Արդեն իսկ տարատեսակ հեղափոխական ինստրուկտորներ արսենխառատյանները, սորոսականները և դրսի ուժերի մյուս գործակալները վխտում են Արցախում՝ ցնցումներ նախապատրաստելու համար։

Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ հանուն սեփական քաղաքական շահի պատրաստ է զոհաբերել ՀՀ քաղաքացիների առողջությունը՝ հանրաքվեի քարոզն անցկացնելու խաթեր հայտարարելով, որ կորոնավիրուսից վտանգ չկա։ Հիմա նույն տրամաբանությամբ նա Արցախում է գործում։ Նա ստիպում է Արցախի իշխանություններին գնալ ընտրություններին։ Սրան զուգահեռ սորոսականները պահանջում են ընտրությունների հետաձգում։ Բայց նրանք ոչ թե արցախցիների դարդով են տառապում, այլ առիթ են ստեղծում, որպեսզի հետագայում գործունեության դաշտ ստանան։

Խաղը շատ պարզ է՝ Փաշինյանը թույլ չի տալիս ընտրությունները հետաձգել, իսկ վարձկանները պահանջում են հետաձգում, որպեսզի հետընտրական փուլում թեմա ունենան հակաիշխանական ցույցեր անելու համար։ Մանավանդ, որ հետընտրական փուլում Փաշինյանը «պատահաբար» կորոնավիրուս է հայտնաբերելու Արցախում, այսինքն՝ հնարավորություն է տալու «փողոցայիններին»` Արցախի իշխանություններին մեղադրել հակաժողովրդական լինելու մեջ։ Դա կլինի այն կայծը, որից հետո Արցախում ապակայունացում կսկսվի։

Ապակայունացումը Փաշինյանին պետք է Արցախում «հաշմանդամ» ու կամակատար ղեկավար ունենալու համար, իսկ սորոսականներին ապակայունացումն անհրաժեշտ է աշխարհաքաղաքական նպատակներով։ Այսինքն տեղի է ունենում մեծ հանցագործություն Արցախի և ընդհանուր առմամբ մեր երկրի անվտանգության դեմ։ Այդ հանցագործությունը կանխելու համար Արցախի իշխանությունները և նախագահի թեկնածուները միասնաբար պետք է կողմ հանդես գան ընտրությունների հետաձգմանը։ Առաջին շեփորը հնչեցրել է Վիտալի Բալասանյանը։ Կան էլի թեկնածուներ, որոնք կողմ են կորոնավիրուսի պատճառով ընտրությունների հետաձգմանը։

Պետք է ամեն ինչ անել կորոնավիրուսի ու հեղափոխության արտահանումը Հայաստանից Արցախ թույլ չտալու համար։ Սա՛ պետք է լինի բոլոր ազգային ուժերի խնդիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ