26 03 2020

Արցախյան ընտրությունները՝ կորոնավիրուսի պրիզմայով․ «Հրապարակ»

Արցախյան ընտրությունները՝ կորոնավիրուսի պրիզմայով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Որպես պարտադիր-կամավոր սկզբունքով ինքնամեկուսացած ՀՀ քաղաքացի` սկսեմ օրվա թեմային առնչվող մի հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու և ՖԲ-ում ուղիղ եթերների ժամանակ հաճախ է ձեռքը տանում աչքերին, բերանին, քթին, ականջներին և այլն: Փոխանցեք իրեն, որ դա վտանգավոր է առողջության համար, այդ թվում նաև` կառավարության անդամների, պատգամավորների և նրա ընտանիքի անդամների առողջության: Այսքանը:

Իսկ հիմա խոսենք Արցախում սպասվող ընտրություններից, որոնք շարունակում են մնալ ՀՀ՝ կորոնավիրուսից ինքնամեկուսացած իշխանությունների և իշխանական շրջանակների անառողջ ուշադրության կենտրոնում: Տպավորություն ունենք, որ ՀՀ իշխանությունների նորահայտ նյարդային ջղաձգումների բուն պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ արցախյան մոտեցող ընտրությունները և ստացվող լուրերն այն մասին, որ նախնական հարցումներով առաջատարը Վիտալի Բալասանյանն է: 

Հավատում ենք այդ արդյունքներին, թե ոչ, արդեն էական չէ: Հարցի բարոյական կողմն է կարևոր այս դեպքում: Բալասանյանը բարոյապես արդեն առաջատար է, իսկ դա, ուզես, թե չուզես, ազդում է ինչպես ընտրողների, այնպես էլ շահագրգիռ կողմերի տրամադրության վրա: Իսկ թե ինչու հանկարծ Վիտալի Բալասանյանը շրջանցեց Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող թեկնածուներին, դա էլ արդեն այլ խոսակցության նյութ է: Նշենք միայն, որ կորոնավիրուսն անարգել Հայաստան ներթափանցեց հիմնականում ՀՀ իշխանությունների անհոգ վերաբերմունքի պատճառով, սակայն մնաց Արցախի դարպասների մոտ ԱՀ իշխանությունների և նախագահի որոշ թեկնածուների հավասարակշռված հայտարարությունների շնորհիվ: Փաշինյանի արցախյան հովանավորյալները կարող են նույնիսկ մրցակցությունից դուրս մնալ, եթե մինչև ընտրություններ Փաշինյանը հասցնի ևս մեկ այնպիսի ելույթ ունենալ, ինչպիսին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նրա ելույթն էր՝ կապված կորոնավիրուսի պատճառով տուժող վարկառուներին աջակցելու հարցի հետ: Դա, անշուշտ, սոցիալական պետության ղեկավարի պահվածք չէր: Արցախցիներն էլ, փաստորեն, հասկացան, թե ինչ է իրենց սպասվում Փաշինյանի թեկնածուի հաղթանակի դեպքում:

Վիտալի Բալասանյանի առաջատարության լուրից առավել անհանգստացած է ՀՀ իշխանությունների սորոսական հատվածը, որի համար Արցախում ազգային ուժի կամ ուժերի հաղթանակը կարող է իսկական մղձավանջի վերածվել: Նման բան թույլ չտալու համար հայաստանյան այդ շրջանակն անկառավարելի աղմուկ է բարձրացրել արցախյան ընտրությունների շուրջ, մինչդեռ դրա իրավունքը պարզապես չունի: Այս երևույթը,  իմ կարծիքով, որևէ կապ չունի խոսքի ազատության հետ, և ՀՀ իշխանությունները, առնվազն, պարտավոր են զսպել Արցախի նախագահի որևէ թեկնածուի հասցեին Հայաստանից հնչող վայրահաչոցները: Արցախն Ամերիկա չէ, որ ինչ ուզենան, գրեն՝ ինչպես Թրամփի ու Քլինթոնի մրցության ժամանակ: Արցախը հայկական երկրորդ պետությունն է, և մայր հայրենիքից հնչող ամեն խոսք արդեն իսկ միջամտություն է այնտեղ կայանալիք համապետական ընտրություններին:

Խնդիրը շատ ավելի է լրջանում, երբ տեսնում ես, թե ով է փորձում արցախյան ընտրությունները մունդռելու տրամադրություններ գեներացնել: Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ, հայտնի սորոսական և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am լրատվական կայքն ու «Ժամանակ» թերթը, չնայած Փաշինյանի հավաստիացումներին, թե չի միջամտելու Արցախի ընտրություններին, շարունակում է ցեխարձակումները ազգային ուժերի և, մասնավորապես, Վիտալի Բալասանյանի ուղղությամբ: Այս թեմայով 1in.am-ի վերջին անստորագիր հրապարակումներից մեկը, որ վերնագրված էր` «Բալասանյանի պարտությունը վերջնականապես կթաղի Քոչարյանի հույսերը. ով և ինչու է ցանկանում հետաձգել ընտրությունները», վերն ասվածի վկայությունն է և վտանգավոր է այնքանով, որ պարարտ հող է ստեղծում արցախյան ընտրությունների արդյունքը կասկածի տակ դնելու և հետընտրական «զարգացումներ» հրահրելու համար: Եթե ուրիշ բան էլ չասեմ՝ սա դավաճանություն է, դավաճանություն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության հանդեպ: «…Եթե ընտրություններում Վիտալի Բալասանյանը պարտվի, ապա դա կդիտարկվի որպես Քոչարյանի պարտություն։ Իսկ Քոչարյանը չի ցանկանում այդ պարտությունը։ Ընտրությունների հետաձգումը մեկ նպատակ է հետապնդում՝ շահած ժամանակում ամրապնդել դիրքերն Արցախում և ընտրությունների ընթացքը տանել իր նախընտրած սցենարով»,- գրում է «անանուն» հեղինակը՝ չնկատելով, որ թե իր հետույքն է տեսանելի, թե իր «մտքի թռիչքը»:  Մեր կարծիքով՝ այս հոդվածը պետք է քննության առարկա դառնա ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների արտակարգ համատեղ նիստում, եթե, իհարկե, հայկական երկու պետությունները չեն ցանկանում, որ Արցախի ընտրությունները վիժեցվեն և ողջ աշխարհին ներկայացվեն որպես խայտառակություն՝ Արման Բաբաջանյանի ցնդաբանությունների պատճառով:

Իսկ ով չգիտի, ասեմ, որ Արման Բաբաջանյանն իր անձնական խնդիրներն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահի օրոք, նստել: Պատիժը կրելուց հետո 1-in.am կայքն է ստեղծել, իսկ հեղափոխության շնորհիվ նաև՝ ԱԺ պատգամավոր: Վերջին շրջանում հաճախ են նրա դեմ հայցեր հարուցվել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից: Հավելեմ նաև, որ Արման Բաբաջանյանի մատնագրերի հիման վրա անպտուղ քրգործեր են հարուցվել ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաների դեմ, նրա ջանքերով հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները հերթական անգամ ստիպված եղան վերապրել իրենց սիրելիների դաժան սպանությունը: Այս օրերին Արման Բաբաջանյանն զբաղված է ՀՀ ՊԵԿ նախագահի տակը փորելով՝ նրան մեղադրելով իր ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու և այդ կառույցի հիերարխիայում առաջ բրթելու մեջ:

ՀԳ. Ընթերցողներս հաճախ են հարցնում՝ վերջը պարզվե՞ց, թե էս կորոնավիրուսն ինչից սկսվեց: Թե ինչից սկսվեց, դեռ չի պարզվել, բայց այն, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում այս օրերին փակել արմանբաբաջանյանների խուճապածին բերանը, շատ վատ է: Այսպիսիների հետ ու նրանց կողքին մենք կորոնավիրուս չենք հաղթահարի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ