25 03 2020

Ազատ տեղաշարժի սահմանափակումն արցախյան ընտրություններին չի՞ վերաբերում

Ազատ տեղաշարժի սահմանափակումն արցախյան ընտրություններին չի՞ վերաբերում

Հայաստանում ապրող արցախցիները կմասնակցեն մարտի 31-ին կայանալիք Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, և այսօրվանից մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը սահամանփակված է:

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Նարինե Բաղդասարյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ չնայած արտակարգ դրությանը՝ Հայաստանում գործող ընտրատեղամասում ընտրությունները չեղարկելու վերաբերյալ որոշում չկա. «Մենք ենթարկվում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն արդեն հայտարարություն տարածել է, թե ինչպես են պատրաստվում պաշտպանել հնարավոր սահմաններում ընտրողների առողջությունը: Կանխարգելիչ մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ են իրականացնելու բոլոր ընտրատեղամասերում, որոնք վերաբերելու են նաև մեզ՝ Ե/1 ընտրատեղամասին: Այդ միջոցառումները նախատեսում են հետևյալը՝ ընտրատեղամասերում գտնվողները կապահովվեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, կլինեն ախտահանիչ նյութեր, ուղեցույց, բժշկական ցուցումներ, իսկ քվեարկություն կատարելու համար ընտրողներին կտրամադրվեն անհատական գրիչներ, և այս ամենն ընտրողին տրամադրվելու է ընտրատեղամաս՝ փակ շինություն, մուտք գործելուց առաջ»:

Հարցին, թե որքան քաղաքացի է գրանցված Հայաստանում գործող ընտրատեղամասում, Նարինե Բաղդասարյանը պատասխանեց. «Այստեղ 600 հոգուց ավելի են գրանցված, բայց դա շատ հարաբերական ցուցիչ է, որովհետև մի մասն ուսանողներն են, որոնց մի մասն էլ արդեն հետ է գնացել Ղարաբաղ, սահամնափակումների պաշտճառով իրենք իրենց մշտական բնակության վայրերն են մեկնել, և արդեն նրանց դիմումների հետ վերցնելու, չեղարկելու հարցերն են քննարկվում»:

Նշենք, Արցախում սպասվող ընտրություններին ՀՀ-ում գտնվող արցախցիների քվեարկության կարգավորմանը մարտի 24-ին, ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը և ընդգծել էր. «Այն սահմանափակումները, որոնք սահմանված են ՀՀ տարածքում, կկիրառվեն, և առավելագույնը 20 քաղաքացու տեղակայումը այդ տեղամասում կկիրառվի, նաև ինչու չէ կքննարկվի և Պարետը անհրաժեշտության դեպքում այդ հարցին լուծում կտա, տեղաշարժի` այսինքն տեղամաս գնալու կամ չգնալու հետ կապված, բայց այս պահի դրությամբ սահմանափակումները վերաբերում են մեր բոլոր քաղաքացիներին և մեր հյուրերին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ