24  03  2020

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երեւան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն: Նշված պաշտոնատար անձը Գագիկ Բեգլարյանն է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների եւ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման եւ այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը եւ այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետեւ, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլեւ դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը:

Առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միեւնույն ժամանակ ձեռք են բերվել նաեւ տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու եւ յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ