17 03 2020

Ֆեյք տեղեկության մասին, որը Հ1-ին դարձրեց դեղին մամուլ ու հասցրեց դատարան

Ֆեյք տեղեկության մասին, որը Հ1-ին դարձրեց դեղին մամուլ ու հասցրեց դատարան

Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հայցը ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ Օրբելյանի, իրեն զրպարտել են, Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք: Այնինչ Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Իսկ Հ1-ը ռեպորտաժում հղում է անում ԱԱԾ-ին։

Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար,  ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հունվարի 30-ին ռեպորտաժ էր հեռարձակել 

Հրայր Թովմասյանի մասին: Դրվագներից մեկն էլ այն էր թե, ԱԱԾ-ին ուղղած հարցման պատասխանից պարզվում էր, որ «Փաստաբան Արամ Օրբելյանն առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու 2019 թվականի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք և փաստաբանի մուտքերը նշված շենք որևէ կերպ չեն հաշվառվել, այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները»։

Ռեպորտաժում ներկայացվեց, որ Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան և դրանով ստեղծեց տպավորություն, թե Հրայր Թովմասյանը ոչ օբյեկտիվ է։

Արամ Օրբելյանն այդ առիթով հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում լինելու ժամանակ այդ կառույցում չի եղել։ «2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել։ Առաջին անգամ ռեպորտաժից եմ իմացել, որ նման գործ կա, չեմ հարցաքննվել, ինձ որևէ հարցում չի արվել, ինձանից որևէ բան չի պարզաբանվել»,- ասել էր Արամ Օրբելյանը։ Արամ Օրբելյանի խոսքով, երբ ինքը ՍԴ է գնացել, այդ ժամանակ ՍԴ-ում գործի քննության հարց անգամ չկար։ Եվ չնայած հերքմանը, այնուամենայնիվ ռեպորտաժը պատրաստվել էր՝ հստակ իմանալով, որ տակը փաստ չկա, հանցակազմ չկա, սակայն մանիպուլյացիայով կարող է աղմուկ հանել։

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ-ին պարզելու «Ի՞նչ գործողություն է ԱԱԾ-ը իրականացրել իր լիազորությունների շրջանակում, որի ընթացքում պարզվել է Արամ Օրբելյանի վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը, ո՞ր գործի շրջանակներում է կատարվել այդ ուսումնասիրությունը, և ի՞նչ ընթացակարգի կամ լիազորության հիման վրա է քննության ընթացքում այդ տեսակի տեղեկատվությունը տրվել ԶԼՄ-ին»։

ԱԱԾ-ից, դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանի ստորագրությամբ ստացանք հետևյալ պատասխանը. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկվել է «Արամ Օրբելյանը ՍԴ-ում գաղտնի հանդիպումներ է ունեցել Հրայր Թովմասյանի հետ, հրահանգ է եղել հանդիպումը չֆիքսել» վերտառությամբ «1in.am» համացանցային կայքի հրապարակումը, որի արդյունքում 28.10.2019թ. նշված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված կարգով կայացել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով։

Միաժամանակ հայտնվում է, որ հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի կողմից ուղարկված գրավոր հարցմանը տրամադրվել է տեղեկատվություն նշված վարույթի վերաբերյալ»։

Yerevan.Today-ը նոր հարցում ուղարկեց ԱԱԾ-ին՝ խնդրելով մեզ տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի հիմք դարձած նյութերը՝ ամբողջ ծավալով։

ԱԱԾ դեպարտամենտի պետ, գնդապետ Ա․ Աղաջանյանի ստորագրությամբ ստացել ենք երկէջանոց պատասխան, որի գերակշիռ մասը վերաբերում է ՍԴ շենք մուտքի կարգին։ Միայն վերջում չորս փոքր պարբերություն վերաբերում է Արամ Օրբելյանին։

Նշվում է․

«Պարզվել է, որ փաստաբան Արամ Օրբելյանը, առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու, 2019թ․ մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք և փաստաբանի մուտքերը նշված շենք որևէ կերպ չեն հաշվառ, այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները։

Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողների կողմից կատարված նշված արարքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս պատճառող հետևանքների վերաբերյալ տվյալներ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել։

Հետևաբար, ոստիկանության աշխատակիցների արարքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) նախատեսված հանցագործության պարտադիր հատկանիշը, արարքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքը։

28․10․2019թ․ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ պետական ծառայություն իրականացնող անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով»։

Այսինքն, Հ1-ի ռեպորտաժը ընդհանրապես ոչնչից աղմուկ հանելու, Հրայր Թովմասյանին և Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ անվանարկելու, քաղաքական կապերի մեջ մեղադրելու և այլնի համար էր։ Ընդ որում, փաստաբանը հերքում է այդ հատվածում իր մուտքը ՍԴ ընդհանրապես։

Թե ինչ շահեց իշխանությունը նման ռեպորտաժ պատվիրելով, դժվար է ասել, սակայն հանրային հեռուստաալիքը ձեռք բերեց դեղին մամուլի կարգավիճակ և դրան գումարած՝ հասավ դատարանի դռները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ