17 03 2020

«Ֆեյրփլեյի» խախտումը՝ սայթաքում, որի քաղաքական գինը կվճարի Թորոսյանը․ կարծիք

«Ֆեյրփլեյի» խախտումը՝ սայթաքում, որի քաղաքական գինը կվճարի Թորոսյանը․ կարծիք

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է․

«Արսեն Թորոսյանն ու «ֆեյրփլեյի» խախտումը

Նախօրեին՝ մինչև կառավարության ու Ազգային ժողովի նիստերը, ես հանդես եկա կոչով, որի իմաստն էր առժամանակ (քաղաքական, տնտեսական, արժեքային և այլն) տարբեր մոտեցումներն ու մրցակցությունը մի կողմ դնել, և մեզ պատուհասած մարտահրավերը հաղթահարելու համար բոլոր կողմերից մորատորիում հայտարարել։
 

Ուրախությամբ պետք է ֆիքսեմ, որ կառավարությունը, հատկապես իմ մատնանշած տեղեկատվական բլոկի մասով որդեգրեց այն մոտեցումները, որոնց մասին խոսել էի։ Չեմ պնդում, որ այդ ամենը մեր առաջարկների արդյունքն էր, բայց ուրախ եմ, որ կետ առ կետ հաշվի են առնվել այն բոլոր մոտեցումներն ու գործողությունները, որ առաջարկել էինք։
 

Թվում էր՝ կառավարությունը գնում է համերաշխություն հաստատելու ճանապարհով և արտակարգ դրության այս մեկ ամսվա ընթացքում «դեղին քարտեր» ցույց տալու կարիք, առնվազն առիթ չի լինի։ Ես սխալվեցի։ Ես անհույս լավատես էի։
 

Արսեն Թորոսյանը, ով իրականությունը մի փոքր (իրականում՝ բավականին մեծ լյուֆթով) սխալ է ընկալում, տեղի ունեցածը (արտակարգ դրություն, դիմացինի զսպվածություն ևն) համարել է իրեն տրված քարտ-բլանշ ու փորձել է սեփական քաղաքական շահերն առաջ մղել։ Ըստ որում՝ ֆեյսբուքում մեկ-երկու տասնյակ «շնորհակալությունները» համարելով համաժողովրդական քվեարկության արդյունք՝ նա որոշել է «էս նեղ մաջալին» կարմիր գծեր հատել միանգամից մի քանի ուղղությամբ․

ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթության մեջ Թորոսյանը սայթաքել է․ արտակարգ դրության պայմաններում նախարարը, ով պիտի հատ-հատ բոլոր հիվանդների ջերմության մասին պարբերաբար ինֆորմացիա ստանա, վերլուծի ու հաղորդի, նոր վարակակիրների հայտնաբերման, հոսպիտալացման, շփման շրջանակի պարզման ու պոտենցիալ վարակակիրների մեկուսացման գործընթացին հետևի, արտակարգ դրության ռեժիմով իր վրա դրված օպերատիվ պարտականությունները կատարի («չուծ լի» փոստից ամեն մի նամակի բացթողնման համար իր ստորագրությունն է պետք), ժամանակ է գտնում, որպեսզի լայվ մտնի ու հայտարարի, թե «թքած ունեմ ձեր դատարանի վրա»։ Կարծես՝ դրա տեղն ու ժամանակը էլ չէր գալու։

ԻՐԱՎԱԿԱՆ առումով Թորոսյանը մեծագույն սայթաքումը կատարեց։ Եթե ՀՀ դատական համակարգի բոլոր երեք ինստանցիաներն արձանագրել են, որ «տղա ջան, բարի եղիր թքածդ լիզիր», իսկ նրա պատասխանն է, թե ես դատական համակարգին չեմ վստահում, այստեղ գործ ունենք օրենքի գերակայության սկզբունքի հարգման հետ, որը խախտում է կառավարության ներկայացուցիչը։ Շատ չխորանամ, ընդամենը Թորոսյանի տրամաբանության շրջանակներում օրինակներ բերեմ․ ստացվում է՝ ցանկացած կալանավոր հենց հիմա կարող է հայտարարել, որ ինքը չի վստահում դատական համակարգին և թողնի գնա իրենց տուն (Արսեն Թորոսյանի կառավարությունը դա չպետք է համարի փախուստ), ցանկացած զինվոր կարող է անվստահություն հայտնել իր հրամանատարին ու չկատարի հրամանները (Արսեն Թորոսյանենք դա չպետք է դիտարկեն դասալքություն), և կորոնավիրուսով վարակված ցանկացած հիվանդ կարող է թքած ունենալ Արսեն Թորոսյանի արտակարգ միջոցառումների վրա, որովհետև նրան կարող է չվստահել (ինչի իրավունքն ու հիմնավորումներն ունենք բոլորս), և պարոն Թորոսյանը իրավունք չունի դժգոհել, որովհետև սերմերն ինքն է ցանում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով Թորոսյանի սայթաքումն այն էր, որ ինքը մեկ ամիս ֆորա էր ստացել հանգիստ շունչ քաշելու, ուժերը լարելու ու նոր ուժերով քաղաքական գրոհ ծավալելու համար։ Բայց նա չդիմացավ գայթակղությանն ու փորձեց անցանկալի թեման «սղացնել» կորոնավիրուսի ալիքի տակ ու ջրից չոր դուրս գալ, դեռ մի բան էլ հաթաթա տալ, թե լուծելու է դատական համակարգի ու դատավորների հարցերը։ Սա սայթաքում էր, որի համար քաղաքական գինը Թորոսյանը կվճարի։

Անձամբ ես մտադիր էի որոշ ժամանակ լռել այն փաստերի շուրջ, որոնք վերաբերում էին Թորոսյանի գործունեությանն ու չարաշահումներին։ Որոշել էի լռել, որովհետև աշխարհում պանդեմիա է, և ինչպես ժողովուրդն է ասում՝ «գետանցման ժամանակ էշին չեն փոխում»։ Բայց քանի որ Արսեն Թորոսյանի համար մեկ է, ու ինքը պանդեմիայի ժամանակ մարդկանց առողջության մասին մտածելու փոխարեն, քաղաքականություն է խաղում, ապա ես չեմ լռի ու առաջիկա օրերին հարցեր (իրենց պատասխաններով) կհնչեցնեմ նախարարի՝ պետական միջոցները տեղաբաշխելու որոշումների, իր ու իր կնոջ գլխավորած բուժհաստատության և պետության միջև կնքված պայմանագրերի մանրամասների, մի շարք ծառայությունների դեպքում ինքնարժեքի, արժեքի ու «ատկատի» ծավալների, նախարարի ծառայողական նոր մեքենայի, տեսչությունում տույժ ու տուգանքների ներման ու բազմաթիվ այլ իրողությունների վերաբերյալ, որոնք հասարակության վրա շատ թանկ են նստելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ