09 03 2020

Ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ․ Վիտալի Բալասանյան



«Անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ»,- մարտի 8-ին Իվանյան գյուղի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում սա թեկնածու Բալասանյանի հերթական հանդիպումն էր, որի ժամանակ, չնայած տոնական օրվան ու գյուղացիների բազմաթիվ սոցիալական խնդիրներին, առաջնային անդրադարձը կրկին երկրի հետագա ճակատագրին էր վերաբերում։ «Տարածքների առնչությամբ պատմականը դեռ մի կողմ թողնենք, բայց Ադրբեջանը կամ դրանց մասին խոսող որեւէ երկիր, եթե դույզն- ինչ կասկած ունենար, որ իրավական առումով հողի մի կտոր թեկուզ պատկանում է Ադրբեջանին, հիմա հազար անգամ մեզ դատի էին տվել, էլ ինչի՞ էր կռվում»,- ասել է Բալասանյանը՝ նշելով, որ միաժամանակ պետք է հիշել, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի ու չի ունեցել, իսկ նման փորձերի արդյունքների նվազագույնը 120 տարի է, ինչին ականատես ենք։ Հակառակորդի կրակակետերը լռեցվել են և լռեցվելու են։

Կրթության մասին. բուհական կրթությունն անվճար դարձնելու մասին խոսել, երբ համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է, ուղղակի անհնար է պատկերացնել։ Փոխարենը, Բալասանյանի խոսքով, վիճակի մասին իրական պատկերացում է տալիս մեկ օրինակ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում սովորում է 1275 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Առկա համակարգում 600, հեռակա՝ 675 ուսանող է։ Ավելի քան 200 դասախոսներ կան։ «Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս։ Էն դեպքում, երբ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն ընդհանրապես դասի չեն հաճախում, միայն՝ ստուգարքներին։ Քանի՞սն են ցածր առաջադիմության պատճառով դուրս մնացել։ Ոչ ոք։ Դուրս մնացողներ կան, իհարկե՝ 27-ը, սակայն բոլորն էլ բարձր առաջադիմությամբ, բայց նրանք վարձավճարը չեն կարողացել տալ»,- ասել է Բալասանյանը։ Նրա խոսքով, բուհը պետք է անվճար լինի բարձր առաջադիմություն ունեցողների համար, իսկ մյուսների համար, «եթե անգամ աշխարհի փողն ունենանք, բուհը չպիտի անվճար չլինի»։

Առողջապահության համակարգն անվճա՞ր է լինելու։ «Փորձեցի հասկանալ, թե անցած ավելի քան քսան տարում կանխարգելիչ քանի միջոցառում է իրականացվել հանրապետությունում։ Ի՞նչ է արել Առողջապահության նախարարությունը՝ ոչինչ, չնայած դրա մասին այսքան խոսում ենք։ Սպասում են, մարդիկ հիվանդանան, նոր տանեն հիվանդանոց, կաթիլային միացնեն։ Սա՞ է առողջապահության համակարգը»,- ասել է նախագահի թեկնածուն։ Իսկ խնդիրներն, իրոք, համակարգային եւ մասնագիտական լուծում են պահանջում, որոնց անդրադարձել է Բալասանյանի թիմն՝ իր նախընտրական ծրագրում։ Այս մասին խոսելով՝ նա ընտրողներին եւս մեկ անգամ կոչ արեց՝ լինե՛լ սթափ ու արդար։

Կանանց միջազգային օրը ավարտվել է գեղեցիկ համերգով՝ Ասկերան քաղաքում։

Ասկերանցիներին հյուր էր եկել Սոֆի Մխեյանը։ Համերգն անցել է տոնական, ուրախ տրմադրության ներքո ՝ հայտնի և սիրված երգեր, պրոֆեսիոնալ կատարում, հանդիսատեսի ջերմ ընդունելություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ