05 03 2020

Կազմաքանդում՝ ամենը, ինչ այսօր տեղի է ունենում հետհեղափոխական ՀՀ-ում․ Panorama

Կազմաքանդում՝ ամենը, ինչ այսօր տեղի է ունենում հետհեղափոխական ՀՀ-ում․ Panorama

Panorama.am-ը գրում է․ «Կազմաքանդում ․․․բառի հոմանիշներն են՝ քայքայել, տարրալուծել, ավերել, կործանել, քանդել։ Այսինքն այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում հետհեղափոխական Հայաստանում։ Երկու տարի շարունակ հետևողականորեն կազմաքանդվում է նախորդ սերունդների թողած ժառանգությունը՝ փնովելով և ուրանալով իրենցից առաջ եղած ամեն բան։ Եվ ոչ միայն ավանդական արժեքների, եկեղեցու և բանակի դեմ սանձարձակ ոտնձգություներով, այլև բառացիորեն վերացնելով տասնամյակներով ստեղծված կառույցները՝ բուժհիմնարկներ, նախարարություններ, սոցիալական խնամքի կենտրոններ։

Հե՞շտ են եղել այդ կառույցների ստեղծումը․․․ պատկերացնում եք՝ 60 տարի առաջ ինչպիսի ցնծություն է եղել Աչաջուր համայնքում բացված ծննդատան առիթով, կամ սփյուռքահայությունն ինչքան է ուրախացել 2008-ին՝ Սփյուռքի նախարարության ստեղծումով։ Չէ, քանդե՛լ է պետք ամեն ինչ։ Հիմա էլ հերթը հասել է Գիտությունների Ակադեմիայի ինստիտուտներին, որոնք ԲՈւՀ-երին միացնելու հարցն է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում։

Հարց թավշյա հեղափոխականներին՝ երկու տարվա ընթացքում գոնե մի բան ստեղծե՞լ եք, որ աջ ու ձախ կազմաքանդում եք։ Հայտնի բան է՝ «քանդելու համար խելք պետք չէ»։ Իսկ քանդել ու քայքայել սեփական պետությունը կարող են միայն օտարի կամակատարները, ում համար ազգ ու հայրենիք հասկացությունները կոպեկի արժեք չունեն։ Եվ ոչ էլ արժեք է հայ ժողովրդի պատմությունը։

Գողթան երգերից չենք սկսում, բայց առնվազն վերջին 100 տարվա ընթացքում ստեղծածն ուրանալը պարզ ազգադավություն է։

1918 թվականին ավերակների վրա հիմնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Եղեռնից, սովից, պատերազմից, գաղթականներից ու հիվանդություններից ոտքի կանգնելով՝ այդ ժամանակվա իշխանությունները կարողացան ստեղծել պետական ապարատ ու մարտունակ բանակ, դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին շատ երկրների հետ, 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի Համալսարանը բացվեց։ Այնուհետև Խորհրդային Հայաստանն աննախընթաց զարգացում ապրեց։ Անկախ Հայաստանը ևս դիմագրավելով ավերիչ երկրաշարժին, Ղարաբաղյան պատերազմին, շրջափակմանն ու քաղաքական վայրիվերումներին՝ զարգացման ուղու վրա էր։

Իհարկե, չենք մոռանում, որ 1995-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դժգոհում էր՝ «նախկիններից ծանր ժառանգություն մնացած հսկայական արդյունաբերությունից» ( որը գրեթե լիովին փոշիացրեց)։ Այսօրվաների նման, նա ևս նախկիններին քարկոծում էր։ Այս նույն ձեռագիրը ներկա իշխանությունների և հհշ-իզմի արյունակցական կապի հերթական վկայությունն է։

Գործող իշխանությունների կողմից, բարեփոխումների անվան տակ, սովորություն դարձրած ափալ-թափալ ռեժիմով, ընդունվում են օրենքներ, որոնք հարցեր են առաջացնում անգամ իրավագիտությունից հեռու մարդկանց մոտ։ Օրինակ մարտի 5–ին ԱԺ-ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից կիջնի 25-ի։ Ընդունվեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագծերի փաթեթը, որն ըստ էության, թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Շարքային հայաստանցուն եթե թվում է, թե այս օրենքներն վերաբերում են միայն կոռուպցիոներներին ու հանցագործներին, և իր հետ կապ ունենալ չեն կարող, ապա չարաչար սխալվում է։ Թող մի պահ պատկերացնի, որ կյանքի ու մասնագիտական փորձ չունեցող 25 տարեկան մի խանդավառ «Գրետա Թունբերգ» դատարանում քննում է հենց իր գործը։ Կամ էլ թոշակառուից օրինական եկամտի աղբյուր են պահանջում Մաշտոցի պողոտայում գտնվող ծնողներից ժառանգություն մնացած 53 միլիոնանոց բնակարանի համար։ Օրենքները բոլորին են վերաբերվում, անգամ օրենք հորինողներին։

Քանի որ այս իշխանություններն արդեն սովորություն են դարձրել պարբերաբար ընկնել ուրիշների համար իրենց փորած փոսերը՝ մաղթենք, որ հենց իրենց վրա կիրառվեն իրենց իսկ ստեղծած բոլոր օրենքները․․․ իրենց դատեն իրենց իսկ նշանակած, բայց փոխված իրավիճակում հայտնված ճկուն 25 տարեկանները, իրենք ապացուցեն այս կարճ ժամանակահատվածում իրենց ձեռք բերածների օրինականությունը, իրենց երեխաները գեյերին ու լեսբիներին գերադասեն ավանդական ընտանիք կազմելուց։ Կարծում եմ վիրավորական ոչինչ չկա․․․ եթե իրենց ընդունած օրենքներն իրենց սրտով են, թող իրենք էլ առաջինը վայելեն դրա պտուղները։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ