05 03 2020

Կա՞ մեկը, որ մտածում է, թե նախագահ եմ դառնում փող աշխատելու համար․ Վիտալի Բալասանյան



Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։

Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։ Ամենուր թեկնածուն ջերմ ընդունելության էր արժանանում, շփումը գյուղացիների հետ անկեղծ ու բաց էր։ Հատկանշականն այն էր, որ նշված բոլոր գյուղերն ունեն ահռելի թվով սոցիալական խնդիրներ, սակայն ընտրողների հիմնական հետաքրքրությունը կուռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն էր, Արցախի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի հարցի լուծումը։ Արցախի անվտանգության մասին քննարկումներում գյուղացիները նշում էին, որ նախագահի թեկնածու Բալասանյանից, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններից, հստակ դիրքորոշում եւ մոտեցում են սպասում։ «Մենք կարողացանք ազատագրել եւ պաշտպանել Արցախը՝ միասին։ Ես, որպես զինվորական, որպես Ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու»,- ասաց Վիտալի Բալասանյանը։ Նա ընդգծեց, որ լիովին համակարծիք է գյուղացիների հետ` եթե երկրի անվտանգության ուղղությամբ հստակ քայլեր չարվեն, ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ բարեկեցիկ կյանք։

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- ասաց Բալասանյանը։ Նախագահի թեկնածուի խոսքով, վստահ է, որ որևէ մեկը չի կարծում, թե ինքն աթոռի կամ փողի է ձգտում: Բալասանյանը շեշտեց, որ պետք է հասկանալ նաև, որ այս ընտրություններում յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու։ Նա ընտրողներին հորդորեց` անպայման գնալ եւ կատարել իրենց ընտրությունը՝ գիտակցելով, որ կանխորոշում են Արցախի ապագան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ