05  03  2020

Աննա Դանիբեկյանը հերթական անգամ խուսափեց արդարադատություն իրականացնելուց. 7or.am

Աննա Դանիբեկյանը հերթական անգամ խուսափեց արդարադատություն իրականացնելուց. 7or.am

7or.am-ը գրել է. Դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական անգամ խուսափեց արդարադատություն իրականացնելուց` Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործով` Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված «ջուր» մեղադրանքը կարճելու պաշտպանների միջնորդությունների պատասխանը հետաձգեց անորոշ ժամանակով` «մինչև դրանց լուծման համար էական հանգամանքները պարզելը և գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»։

Դրանով իսկ ևս մեկ անգամ` ավելորդ անգամ, ապացուցեց, որ խաղում է դատախազության և ՀՔԾ-ի խաղը, և լիովին ինտեգրվել է վարչա(հրամայա)պետ Փաշինյանի սահմանած «կանոններին»։ Այն է` ծամոնի պես ձգել դատավարություն կոչեցյալ էժանագին շոուն, տարիներ շարունակ «հետազոտել» առաջադրված մեղադրանքի հետ զրո առնչություն ունեցող «փաստական հանգամանքները»` մարտիմեկյան զանգվածային խժդժությունների դետալները, լսել դատակոչված 800 վկաներին, որոնց ցուցմունքները ոչ մի կապ չեն կարող ունենալ և չունեն Ռոբերտ Քոչարյանին և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղսագրված «արարքների» հետ։

Բուն մեղադրանքի հետ կապված` «քննության առարկա» դարձնել բացառապես մեղադրական ցուցմունքները, մյուսները «խնամքով թաքցնել» պաշտպանական կողմից և հանրությունից` սպանությունների մասով առանձնացված գործին չվնասելու, նախաքննության գաղտնիությունը չխախտելու «ատմազկայով»։ Սա՛ է Նիկոլի հեղինակային ծրագիրը, որով պատրաստվում են առանց մեղադրական վճռի պատժել երկրորդ նախագահին և հագուրդ տալ Նիկոլի կույր վրեժխնդրության մոլուցքին` կալանքն օգտագործելով որպես պատժամիջոց։

Դե, իսկ եթե, ի հեճուկս օրենքների և Սահմանադրության, դատարանը՝ Դանիբեկյան Աննայի նախագահությամբ կամ առանց նրա, 4 տարի, 5 տարի ուսումնասիրելով «էական հանգամանքները և գործում առկա բոլոր ապացույցները»` չհաստատի մեղադրանքը կամ հակառակը` մեղադրական վճիռ կայացնի, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններն էլ դակեն այդ որոշումը, «գործը» հայտնվի Եվրոպական դատարանում և մի քանի տարի հետո պայթի օճառի պղպջակի պես, գնացքն արդեն գնացած կլինի։

Մինչդեռ ակնհայտ է, որ շինծու այս «գործով» որոշում կայացնելու` մեղադրանքը «հերքելու կամ հաստատելու» համար անհրաժեշտ էական հանգամանքների, ապացույցների և ցուցմունքների խճանկարը, մեղմ ասած, աղքատ է։ Առաջին «էական հանգամանքը», որ դատարանը պետք է պարզի, ավելի ճիշտ`վաղուց արդեն պետք է պարզած լիներ, նախագահի սահմանադրական անձեռնմխելիության նկատմամբ ՀՔԾ-ի և դատախազության ցուցաբերած «հանցավոր անփութությունն» է, որին, Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտնի որոշումից ու դրան հաջորդած ջղաձիգ արձագանքներից` դատարանները շրջափակելու և արգելափակելու «ահաբեկչական գործողությունից» հետո ոչ մի դատավոր չհամարձակվեց անդրադառնալ։

Երկրորդ «էական հանգամանքը» սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ 300.1 հոդվածը «հետադարձ ուժով» Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վրա կարելու իրավաչափության հարցն է։ Պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ օրենքով հստակ ամրագրված նորմը, ըստ որի` անձին չի կարելի մեղադրել և դատել մի հոդվածով, որ ենթադրյալ հանցագործության պահին գոյություն չի ունեցել, եթե չի բարելավում մեղադրյալի վիճակը, բացառում է այդ դրույթի կիրառումը Մարտի 1-ի «մեղավոր» նշանակված անձանց նկատմամբ։

Համաձայնեք, շա՜տ վառ երևակայություն պիտի ունենալ` ասելու համար, որ սահմանադրական կարգի տապալման «հանցակազմն» ավելի շահեկան է (կամ պակաս շահեկան չէ) նախագահի համար, քան «իշխանության յուրացումը», որ նախատեսված էր 2008 թ. գործող 300 հոդվածով, ինչպես, իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դնելով, պնդում են մեղադրողները։ Պարզ է, չէ՞, որ նախագահը, լինելով իշխանության բարձրագույն «կրողը», ցանկության դեպքում անգամ չէր կարող յուրացնել իրեն պատկանող իշխանությունը, իսկ «սահմանադրական կարգը տապալել» տեսականորեն կարող էր։

Առավել ևս, երբ կա «յոթի» գործի նախադեպը, երբ «հին» Հայաստանի դատախազությունն ինքը` սեփական նախաձեռնությամբ, վերաորակեց Փաշինյանին և մարտիմեկյան անկարգությունների մյուս կազմակերպիչներին 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը և ավելի մեղմ հոդված կիրառեց սրանց նկատմամբ` այդ դրույթին հետադարձ ուժ տալը ոչ իրավաչափ համարելով. այն, ինչի մասին Քոչարյանի և մյուսների փաստաբանների բողոքները, հիմնավորումները «նոր» Հայաստանի դատարանում հնչում են որպես «ձայն բառբառոյ հանապատի»։

Երրորդ «էական հանգամանքը», որ դատարանը պետք է պարզի, հետևյալն է. իսկ որքանո՞վ սահմանադրական է այդ անորոշ, առաձգական, ընդգրկուն մեղադրանքը, և որքանո՞վ համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը փորձեց ստանալ այս հարցի պատասխանը` դիմեց ՍԴ և խնդրեց գնահատական տալ 300.1 հոդվածի սահմանադրականությանը, և տեղնուտեղը ձևով քրեական, բովանդակությամբ` քաղաքական հետապնդման թիրախ դարձավ։

Սահմանադրական դատարանը ուներ բոլոր հնարավորությունները և շատ հանգիստ կարո՛ղ էր ինքնուրույն լուծել այդ խնդիրը, բայց գերադասեց դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար, և իր հերթին հայտնվեց քաղաքական հետապնդումների մամլակի տակ և քաղում է դրա պտուղները։

Նիկոլի և իր խունվեյբինների շանտաժից, հիստերիաներից, քաղաքական հաշվարկներից, բզիկներից, քմահաճույքներից անկախ, օրենքները և Սահմանադրությունը հարգող ցանկացած անաչառ դատավոր առանց երկար-բարակ մտածելու կհանգուցալուծեր այս թնջուկը`եթե ո՛չ քրեական գործը կարճելու, ապա`խափանման միջոցը փոխելու որոշում կայացնելով։

Ցանկացած մեկը, բայց ո՛չ Աննա Դանիբեկյանը, որ հիմնավորապես մտել է արմենդանիելյանի «կերպարի» մեջ ու ոչ մի կերպ դուրս չի գալիս...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ