03  03  2020

Խուճապ սահմանային, մաքսատանը ու կառավարությունում

Խուճապ սահմանային, մաքսատանը ու կառավարությունում

Ուրբաթ օրվանից, ինչ Հայաստանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել, պարզվում է՝   վրաց սահմանապահները բլոկադայի մեջ են դրել հայ գործարաներին ու թույլ չեն տալիս բեռներ արտահանել իրենց սահմանով: Հինգ օր է՝ վրաց մաքսավորները կաթվածահար են արել մեր երկրում մի ամբողջ պետական համակարգի աշխատանքը, տեղական չինովնիկները գործարարներից զանգեր են ստացել, բայց հինգ օր շարունակ ի վիճակի չեն եղել խնդրին լուծում տալ:

Նույն խուճապը նկատվում է նաև այսօր ՊԵԿ-ում, ԱԳՆ-ում ու էկոնոմիկայի նախարարությունում: Փաստացի ֆեյսբուքով գործարար Վահրամ Միրաքյանի տարածած հայտարարությունից հետո անցել է 15 ժամ, ու նշված պետական որևէ կառույցում չեն կարողանում հստակ պատասխանել՝ ինչ լուծում է տրվել խնդրին, ինչ քայլեր են արվել, որպեսզի մեր գործարարների՝ բարձած բեռներով միրգն ու բանջարեղենը չփտի Վրաստանի սահմանին (եթե իհարկե դրանք ետ չեն վերադարձվել սահմնանից ու միամտորեն չեն սպասում Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներին):

4-5   ժամ է՝ YerevanToday-ը համառորեն փորձում է ՊԵԿ-ից ստանալ գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանի մեկնաբանւթյունը կամ տեղեկատվություն կատարված գործողությունների մասով, սակայն լրագրողների զանգերին ՊԵԿ-ից միտումնավոր խուսափում են պատասխանել, ըստ ամենայնի իրոք ասելիք չկա, մարդիկ ոչինչ չեն արել՝ գլուխ չեն հանում: Նույն կերպ «թռած են» էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք, փոխնախարները իրենց բջջայիններին չեն պատասխանում, վարչության պետերը հասկացնում են՝ թե իրավասու չենք, ասված է պաշտոնապես ինչ կտանք, դա էլ կմեկնաբանեք, իսկ նույն էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը ավտոմատ ռեժիմով մի նախադասություն է միայն կրկնում ՝ «խնդրին տեղյակ ենք, ավելին կհայտնենք՝ անհրաժեշտության դեպքում»:

Կնշանակի լարվածության պայմաններում այս մարդիկ դեռ որոշում են, որ անհրաժեշտությունը, չգիտես ինչու, իրենք պիտի որոշեն, այլ ոչ թե դրությունը, որ հասունացել է պետական համակարգի անգործության կամ որոշ չինովնիկների փնթի աշխատանքի հետևանքով: ԱԳՆ դիմեցինք, փոխանցեցին, որ տեղեկացված են խնդրին, շուտով պատասխան կփոխանցեն, իսկ օրինակ Արսեն Ղազարյանը, որ տասնամյակներով ղեկավարում է ՀՀ արևտրաարդյունաբերողների ու գործարարների պալատը, որն ամեն ընտրությունից հետո գործարար խավի ու երկրի ղեկավարության միջնորդ օղակ է խաղում, մերձեցնում է նրանց, գործարարներին նախագահների մոտ պալատական կերուխումի է տանում, պարզվում է՝ թեմայի մեջ չէր, անտեղյակ ապրում է, որովհետև հիվանդացել է այս օրերին: Այդուհանդերձ, փորձեցինք ճշտել՝ ինչով է միջամտել ինքն անձամբ, իր միությունը հանուն գործարար շահի համար, Արսեն Ղազարյանը կտրուկ տոնով ասաց, թե հիվանդ է, խոսելու, գործելու համար ուժ չունի:

Հետքարքիր է, իսկ որքանով է խնդրից տեղեկացված վիրուսի համար ժամը մեկ եթեր մտնող ու խուճապը, իր պատկերացմամբ ցրող վարչապետ Փաշինյանը, ի՞նչ հանձնարարականներ է իջեցրել՝ հարևան պետության հետ դրությունը շտկելու համար: Ընդգծենք, խնդիրը այս դեպքում միայն ժամանակավորապես վիրուսով պայմանավորված արգելքները չեն՝ նախ վարկած կա, որ վրաց սահմնապահի գործողության հետևանքով Ադրբեջանն է ակտիվացել ու Իրանից ՌԴ բեռներ է փոխադրում: Կնշանակի՝ Հայաստանը վիրուսի պատճառով արդեն կորցնում է տարածաշրջանում տարանցիկ երկիր լինելու հնարավորությունը, ինչը տնտեսապես խիստ շահեկան էր նաև մաքսային մուտքերից գոյացող եկամտի առումով:

«Վարչապետն վստահ ենք՝ տեղյակ է, քանի որ ուրբաթ օրվանից գործարարներս անըդհատ ահազանգում ենք կառավարություն, տեղյակ են տարբեր օղակներում առ այն, որ վրացիներն արգելել են Հայաստանից միրգ բանջարեղենով բեռնված 60 բեռնատարների մուտքը իրենց երկիր, ու որ վիրուսի պատրվակով Հայաստանն իբրև տարանցիկ երկիր, կորցնում է իր դերակատարումը տարածաշրջանում՝ փոխարենը այս օրերին ինտենսիվորեն Ադրբեջանով են Իրանից միրգ-բանջարեղեն Ռուսաստանի Դաշնություն փոխադրում :

ՊԵԿ, էկոնոմիկայի նախարարություն դիմելով՝ ըստ որում բարձրաստիճան պաշտոնայների հետ մեր կոնտակտներում որևէ հստակություն չի մտցվում, մեզ միայն հորդորում են սպասել, մինչև տեսնեն ինչ է լինում, իսկ բանակցում են, ինչ քայլեր են արվում, մանրամասներ չեն հաղորդվում, ու այսպես արդեն հինգ օր շարունակ մենք սպասողական վիճակում ենք»,-մեզ հետ զրույցում նշեց տուժած գործարաներից մեկը:

Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանն անձամբ տեղեկացված է այս խիստ մտահոգիչ խնդրից, բայց կառվարությունը նախընտրել է կոծկել թեման, կամ էլ որոշվել է լծակներ գործի չդնել, մինչև որ այսօր՝ Վրաստան վարչապետի կատարած այցի շրջանակում խնդիրը կբարձրացվի Վրաստանի վարչապետի մոտ ու լուծում կտրվի:

Կտրվի, թե ոչ. սա արդեն ժամանակի հարց է, առայժմ պետք է արձանագրել, որ այո, մենք կորոնովիրուսին գուցե պատրաստ էինք դիմակայել առողջապահական համակարգում, բայց փաստորեն մեր հաշվարկներում տկար ենք գտնվել ու չենք կանխատեսել վրաց սահմանապահի ու այլոց քմահաճությունները, Ադրբեջանի ճկուն քաղաքականությունը, որ միշտ դրսևորվում է մեր թույլ կողմերը ցույց տալու դեպքերում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում և հանդիպել է պաշտոնակցի հետ: Նկատենք, որ մեկ ու կես տարվա պաշտոնավարման կարճ ընթացքում սա արդեն Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան, որոնցից երկուսը՝ պաշտոնական:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ