28  02  2020

Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս. ՀԴԿ

Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում կայացրեց դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին չմասնակցել ս.թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Նման դիրքորոշման հիմնավորումները՝ ստորև.  

1.  Խորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետև խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել:

2.  Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար:

3.  Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների և օրենսդիր և գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաև յուվենալ արդարադատության և նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում:

Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը և զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի և մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության և սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք և առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաև լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, և, ոչ պակաս կարևոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ