27  02  2020

Արմեն Գրիգորյանն առաջարկել է ՀԱՊԿ-ի կայքում ներառել անդամ երկրների լեզուները



ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվել դրանց արդյունքների շուրջ։ Այս մասին հայտնում է ԱԽ աշխատակազմը։

Քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում և ընգծել Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։

Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումն առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Քարտուղար Զասը ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։

Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ