26  02  2020

«Այո»–ի լոգոյի 3 միլիոնը կբաշխվի «Երեկոյան Երևանի» 3 աշխատակցի միջև. Պապիկյան

«Այո»–ի լոգոյի 3 միլիոնը կբաշխվի «Երեկոյան Երևանի» 3 աշխատակցի միջև. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի շրջանակում տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

«Ստեփան Նարոյանը, որը նկարի հեղինակն է, մահացած է: Գումարը կփոխանցվի նրա ժառանգներին: Այժմ աշխատանքներ են տարվում ժառանգներին գտնելու ուղղությամբ»,-ասաց Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ քարոզարշավում կօգտագործվի հաղթած տարբերանշանը. «Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացության, որ առաջին տեղը զբաղեցրած լոգոն առաջիկա մեկ ամսում ուղեկցելու է մեզ»։

Պապիկյանի խոսքով՝ անկախ ստեղծված իրավիճակից, ինքը «հաճելիորեն ուրախ է, որ գուցե ենթագիտակցորեն, ճակատագրի բերումով» ընտրել են մի բրենդ, որը 1991 թվականին ՀՀ-ի համար կարեւոր նշանակության մի հոդվածի նկարազարդումն է եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ