25 02 2020

Վերադարձ ամենանախկիններին․ նախկինի նախկինը շատ թա՞րմ է․ Panorama.am

Վերադարձ ամենանախկիններին․ նախկինի նախկինը շատ թա՞րմ է․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Սիրում ենք չէ՞ ամեն հարցում աշխարհում առաջինը լինել։ Փետրվարի 25-ին էլ դարձանք առաջինը․․․ ուրիշ էլ ո՞ր երկրում միանգամից երկու նախկին նախագահներ դատարաններում կհայտնվեին ամբաստանյալների աթոռին։ Չմոռանանք նաև, որ նույն աթոռներին նույն կարգավիճակում են նաև մի շարք գեներալներ ու պատերազմի հերոսներ։

Եթե ասվածին գումարվի նաև մեղադրանքների սնանկությունը, ապա այլ եզրակացություն չի մնում, քան այն, որ մեր հանրապետությունում հերոսազրկման հետևողական գործընթաց է իրականացվում։ Նոր իշխանությունների կողմից պատերազմ է հայտարարված ոչ թե նախկիններին, այլ բոլոր նրանց, ում համար Արցախը անսակարկելի արժեք է։

Եթե սոսկ նախկինների հարց լիներ, ապա Փաշինյան Նիկոլը հենց ինքը նախկին չէ՞․ ի վերջո 90-ականների վերջերից ակտիվ քաղաքականության մեջ է։ Նախկին չե՞ն Անդրանիկ Քոչարյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը․․․ թե՞ նախկինի նախկինի նախկինը շա՜տ թարմ է ու լրիվ տեղավորվում է Նոր Հայաստանի «վերականգման հայեցակարգի» մեջ (սորոսականների ճանապարհային քարտեզն է):

Այնպիսի զգացողություն է, ասես Հայաստանի պատմությունից և մեր բոլորի կյանքից ուզում են հեռացնել 1998-2018 քսանամյակը, և կրկին բացել 1997-ի էջը՝ իշխանական ամենաթողությունից մինչև Լեռնային Ղարաբաղի փուլային հանձնման տարբերակի շրջանառումը։ Կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր դեռևս 2018-ի մայիսից կանխատեսում էին, որ Փաշինյան Նիկոլի քաղաքական վերելքը կազմակերպված էր Արցախի հարցում զիջումների հասնելու նպատակով։

Այդ տեսակետն են հաստատում նույնիսկ ոչ այնքան բանակցություներում դրսևորվող անտեղյակություններն ու դիլետանտիզմը, որքան հենց Արցախի ու արցախցիների հանդեպ ունեցած իշխող ուժի իրական վերաբերմունքը։ Այդ են վկայում Արցախի ներքին գործերին կոպտագույն միջամտությունները, և ընդհանրապես՝ Արցախի Հանրապետությունը որպես վասալ դիտարկելը։ Նորերը սիրում են «աննախադեպ» որակել իրենց ամեն մի քայլը․․․ իսկ իրականում աննախադեպ է ՀՀ իշխանությունների ԱՀ նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքը։

Օրինակ, 2019 թվականին Հայաստանում տեղ գտած ամենատպավորիչ դրվագը մայիսի 16-ին Արցախի երեք նախագահներն էին դատարանի դահլիճում, երբ գործող ու երկրորդ նախագահներն անձամբ եկան Երևան՝ ԼՂՀ Առաջին նախագահին կալանքից ազատելու անձնական երաշխավորությունը հաստատելու համար։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարելով միջնորդությունը՝ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին։ Բայց վերջինիս անազատության մեջ տեսնելու մոլուցքն այն աստիճան էր մթագնել ոմանց ուղեղը, որ դեմ գնալով իրավական, բարոյական և մարդկային բոլոր պահանջներին՝ մեկ ամիս անց կրկին կալանավորեցին նրան՝ դատավորի պատմուճան կրող Արմեն Դանիելյանի միջոցով օրենքը կոպտագույնս խախտելով։ Իրականում սա վերաբերմունք էր ոչ միայն դատական իշխանությունների, այլև արցախցիների նկատմամբ։

Ասենք, նույն համառությամբ շարունակվում են անտեսվել նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵԽԽՎ և միջազգային այլ կառույցների հորդորները՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու կապակցությամբ։

Սեփական քմահաճույքները պետական շահին ենթարկեցնելու անկարողությունը ոչ մի կերպ չի տեղավորվում պետության ղեկավարի մասին ունեցած պատկերացումներում։ Դեռ որքա՞ն պետք է շարունակվի կռիվը առողջ բանականության դեմ, հատկապես երբ չեն դադարում նախագահ Քոչարյանի նկատմամբ ապօրինի կալանքը դադարեցնելու մասին պահանջները։

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Տեսնենք, այս միջնորդությունն ինչ բախտի կարժանանա։ Ցավալի փաստ է, բայց արդեն օրենքի գերակայությունը մեծ, շա՜տ մեծ կասկածի տակ է։

Տեսանք չէ, թե ինչպես մի քանի օր առաջ, ՀՔԾ-ն մերժեց ծիծաղելի մեղադրանքով կալանավորված 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու տասնյակ իրավաբանների միջնորդությունը։Ի դեպ, սա երկրորդ մերժված միջնորդությունն էր, իսկ առաջինը ներկայացրել էին երեք տասնյակից ավել խմբագիրներ և լրագրողներ։ Բայց հո չենք մոռացել, թե 2019-ի մայիս-հունիսին Սասնա Ծռերին գրավով ազատելու ի՜նչ շքերթ էր․․․ Ահա թե որն է խտրականությունն ու երկակի ստանդարտը։

Փետրվարի 25-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ ոորշում կայացնելու համար։ Այն կհրապարակվի մարտի 3-ին։ Հույսով թե անհույս՝ մի շաբաթ էլ սպասենք։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ