21 02 2020

Փաշինյանը` Պետրոսի մոտ Քոչարյանի խնդրով ուղղակի փարիսեցիության մաստեր կլաս ցուցադրեց ՍԴ-ի մասով․ Zham.am

Փաշինյանը` Պետրոսի մոտ Քոչարյանի խնդրով ուղղակի փարիսեցիության մաստեր կլաս ցուցադրեց ՍԴ-ի մասով․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Երեկվա Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ երկար է քննարկվելու: Մենք մեր կողմից փորձելու ենք ներկայացնել այն մասերը, որոնք ցույց են տալիս  Փաշինյանի  իրական պատկերացումները:

Մասնավորապես Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե հանրության մեջ կարծիք կա, որ ՍԴ-ի խնդիրն առաջացավ հենց Քոչարյանի հարցը քննելուց հետո Նիկոլ Փաշինյանը առանց ամաչելու փարիսեության մաստեր-կլաս ցուցադրեց: Մասնավորապես նա բառացի նշեց հետևյալը.  «...Ես վարչապետ ընտրվեցի և հրապարակավ հայտարարեցի, որ ընդհանրապես չեմ միջամտելու դատական իշխանության գործունեությանը և հրաժարվում եմ կառավարության կողմից հրահանգներ տալ դատական իշխանությանը և այդ պրոցեսում հետագայում տեսանք այն երևույթը, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Ինչո՞ւ է այդպես. որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ որ սահմանադրական դատարանը, առաջին ատյանինը կամ մյուսը ինչ-որ բան որոշի, մենք չսկսենք քննարկել՝ սա ում ազդեցությունն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ուզում է ասել, որ «ժողովուրդը դժգոհ է դատական իշխանության որոշումներից», և դրա համար  Փաշինյանն ուզում է փոխել այն:

Նախ հիշեցնենք, որ դատարանների շրջափակման հրահանգը հենց Փաշինյանը տվեց: Եվ զարմանալիորեն «ժողովուրդը» չարձագանքեց: Ընդամենը մոտ 1000 խոնվեյբիններ իրենց առաջնորդի հրահանգով կատարեցին հակաօրինական արարք և դրա համար չպատժվեցին: Հետո նույն վարչապետը սկսեց խոսել «վնգստացող» դատավորների մասին: Մի բան, որ իրեն թույլ չեն տվել նախորդ իշխանությունները: Հետո նույն վարչապետը հանրահավաքի ժամանակ ուղղակի սպառնաց դատավորներին՝  նշելով, որ «Հայաստանում չի կարող լինել դատավոր, ով իր կամքին հակառակ որոշում կայացնի»: Հավանաբար վարչապետ Փաշինյանը մոռանում է ամբոխավար Փաշինյանի խոսքերը՝  մտածելով, որ երկրի ժողովուրդը ոչ ականջներ ունի, ոչ էլ աչքեր:

Հետո սկսվեց դատավոր Ազարյանի վարկաբեկման արշավը այն բանի համար, որ նա համարձակվել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխել: Հետո մեկ այլ դատավոր Գրիգորյանի վրա քրեական գործ բացեց Փաշինյանը միայն այն բանի համար, որ նա համարձակվեց բավարարել Արցախի երկու նախագահների միջնորդությունը նույն Քոչարյանի մասով: Հետո սկսվեց ՍԴ նախագահի և անդամների անմարդկային և ամոթալի մակարդակի հետապնդումները միայն այն բանի համար, որ վերջիններս համարձակվել էին Քոչարյանի գործը ուղարկել Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար:

Եվ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ողջ ժողովրդի առջև  համարձակվում է ասել, որ նա ճնշում չի գործադրում  դատարանների վրա՞:

Հարց:  Հայաստանում  քանի՞ միամիտ մարդ է մնացել, որ կարող է հավատալ երկրի ղեկավարի այս բացահայտ ստերին:

Աշխարհի ցանկացած երկրի ղեկավար, եթե նման ստերով հանդես գար, ապա նրան շուտվանից կհեռացնեին իր պաշտոնից միայն սուտ խոսելու համար: Ի վերջո հենց դրա համար Սերժ Սարգսյանին չներեցին 2018-ին:

Նիկոլ Փաշինյանի այս չափի ստերի հանդուրժումը կարելի է բացատրել միայն՝ որպես հանրային հիշողության ամնեզիա, որը պայմանավորված է նախկինների հնարավոր վերադարձի վախով:

Սակայն կա այս խնդրի հակառակ կողմը, իսկ ինչքանո՞վ է անվտանգ երկրի համար ունենալ բացահայտ ստող ղեկավար: Չէ՞ որ նա այդ դեպքում ունակ կլինի ստել նաև մյուս հարցերում, որոնք, օրինակ, կապված կլինեն երկրի անվտանգության կամ ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ