20 02 2020

Պատմական որոշումը սկիզբ դրեց ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին. Արցախի ԱԳՆ

Պատմական որոշումը սկիզբ դրեց ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է․

«32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական շարժում էր, որը պայքար էր՝ հանուն քաղաքացիական իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական իրավահավասարության և արժանապատիվ կյանքի։ Ղարաբաղյան շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում և մարմնավորում էր Արցախի ժողովրդի ձգտումը՝ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իրացնելու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը։Ի պատասխան արցախահայության օրինական պահանջին` Բաքուն հրաժարվեց քաղաքական երկխոսությունից և Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության նկատմամբ կազմակերպեց արյունալի ոճրագործություններ։ Փորձելով բռնության միջոցով ահաբեկել արցախցիներին՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հետագայում վերաճեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծմանը։Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը։Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ