19  02  2020

Արդեն որոշումներ կան, ԶՈւ-ում կլինեն կադրային փոփոխություններ. Արմեն Գրիգորյան

Արդեն որոշումներ կան, ԶՈւ-ում կլինեն կադրային փոփոխություններ. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հ1-ի եթերում անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին, ասել է, որ բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Արմեն Գրիգորյանն ասել է՝ նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր:

«Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի:

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Այս պահին կան և հետագայում ևս կլինեն կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա:

Հարցին՝ այսինքն՝ շուտով կլսենք կադրային փոփոխությունների մասին, Գրիգորյանը պատասխանել է՝ այո:

«Ռազմական ոստիկանությունը պետք է իր աշխատանքները կատարի, և այստեղ մենք ունենք բարեփոխումների հայեցակարգ, որը մշակման փուլում է և շուտով հնարավորություն կլինի դրա մասին խոսել»,-նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով, թե բանակի բարեփոխման համար տարբեր ուղղություններով աշխատանքներ պետք է տարվեն:

Նա կարևորել է նաև նման դեպքերի բացահայտումը՝ նշելով, թե խնդիրը հստակ է դրված՝ այլևս այնպես չի լինելու, որ ինչ-որ գործի ամբողջական հրապարակայնություն չապահովվի:

«Բարդություններ կան բանակի փակ լինելու և անվտանգության առումով, բայց մեր համոզմունքն այն է, որ պետք է մաքսիմալ այնպես անել, որ հրապարակայնություն ապահովենք. բոլոր գործերը քննվեն, և դրանց արդյունքում կարողանանք նաև այնպիսի քաղաքականություն մշակել, որ բացառենք նման դեպքերը»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, թե բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքների արդյունքում կլինեն լավ արդյունքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ