18  02  2020

Վերջին 20 տարվա մեջ ստորագրած որոշումներիս տակ այսօր էլ կստորագրեմ․ ՍԴ դատավոր



ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին լրագրողները հարց ուղղեցին, որ ընդունված է ասել ՍԴ-ն դակել է բոլոր ընտրություններում ընտրակեղծիքները, ինչպե՞ս կարձագանքի։

«Հատուկ դրա վերաբերյալ մամուլի ասուլիս կտամ։ Ուզում եմ ձեզ պաշտոնապես հյատարարել, նաև զեկուցողներից մեկն եմ եղել ձեր ասած՝ «ընտրությունները դակելու» գործերով։ ՍԴ-ն ընտրությունների ո՛չ կազմակերպողն է, ո՛չ վերահսկողն է, ուստի կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն ի սպառ չունի։ Թե ինչու են մեզ վրա բարդում, քավության նոխազ դարձնում, իրենց հարցրեք։

ՍԴ այն բոլոր որոշումները, որ ստորագրել եմ վերջին 20 տարվա մեջ, այսօր էլ կստորագրեմ։ Ձեր գործընկերներին էլ եմ խորհուրդ տվել, չեն լսում, նաև էս մեր փաաստաբաններին, որոնք էսօր սահմանադրության Լոմոնոսով եմ դարձել․ ՍԴ-ում առկա է արխիվը, գնացեք-բացեք էդ արխիվը։ Դուք իրավաբան չեք, կարող է նրբություններին չտիրապետեք։ Իրենք փաստաբան են, այդ թվում՝ էն փաստաբանները, որ դիմել են ՍԴ ու պարտվել։ Ասում եմ վերցրեք, հրապարակեք այն փաստաթղթերը, որ եղել են ՍԴ դատավորների սեղանին, երբ նրանք այդ որոշումները կայացրել են։ Եթե դուք այլ որոշում կայացնեիք այդ փաստաթղթերի առկայությամբ, որ ստանում են ԿԸՀ-ից, դատախազությունից, տարբեր ատյաններից․․․»,- ասաց Թոխյանը։ Դիտարկմանը, թե ճնշումների կենթարկվեին իշխանության կողմից, եթե այլ որոշումներ կայացնեին, ՍԴ դատավորը պատասխանեց․ «Եթե որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ Ֆելիքս Թոխյանին կարելի է ճնշել, ուրեմն վատ եք ճանաչում ինձ։ Ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ ուտել-խմելու, կուրախանամ, դաս կտամ, բայց 23 տարվա ընթացքում ոչ մեկը չի էլ փորձել ճնշել։ Մեզ մեղադրում են, թե մարտի 1-ին մասնակցություն ենք ունեցել իրադարձություններին մեր որոշմամբ, մեր մեղքով է։ Մենք որոշումը մարտի 8-ին ենք կայացրել։

ՍԴ-ի վերաբերյալ բարձակ շահարկում է, թե մենք ընտրություններ ենք կեղծել կամ կեղծածները դակել ենք։ Ես չեմ ընդունում այդ փաստարկները, որովհետև մենք հասցեատերը չենք։ Հերիք է էդ հերյուրանքը մեր գլխին փաթաթեք։ Գնացեք-տեսեք, թե դիմումներն ինչ հիմնավորվածությամբ են բերվել մեզ։ Բոլոր փաստարկները բացակայում են, մեկը գալիս է, քաղաքական հայտարարություն է անում, թե՝ կեղծվել են ընտրությունները։ Մեզ մի՛ մեղադրեք բաների մեջ, որտեղ չկանք»։ Հարցին, թե ինչո՞ւմ կարելի է մեղադրել, պատասխանեց․ «Մեզ կարելի է մեղադրել նրանում, որ մեր արած գործը լավ չենք ներկայացնում ժողովրդին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ