15  02  2020

ԶՈւ-ում իրադարձությունները մեր երկրում դեգրադացիայի արտացոլանքն են․ Panorama

ԶՈւ-ում իրադարձությունները մեր երկրում դեգրադացիայի արտացոլանքն են․ Panorama

Panorama.am-ը գրում է․ «Տարեսկզբից ՀՀ Զինված ուժերում արդեն 13 զոհ կա․․․ ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ դրանք սպանություն-ինքնասպանություններ են։ Իսկ իշխանությունները հանրաքվե են պատրաստվում անցկացնել Սահմանադրության մի «մեռած» (մասնագետների գնահատականն է) անցումային դրույթը փոփոխելու համար։

Հիմար պետք է լինել նույնիսկ նժարին դնելու հարցը՝ թե հասարակության համար սրանցից ո՞րն է ավելի կարևոր ու առաջնային։ Բանակն այն ոլորտն է, որը վերաբերում է յուրաքանչյուրին անձնապես, քանի որ ամեն ընտանիք էլ զինվոր է ուղարկել կամ ուղարկելու է ծառայության, և այս պահին հանրապետության թիվ մեկ խնդիրն է՝ պարզել, թե ինչու այսքան զոհեր եղան այս կարճ ժամանակահատվածում, և միջոցներ ձեռք առնել դրանք կանխելու համար։

Սա՛ են պահանջում մարդիկ, այլ ոչ թե միլիարդներ ծախսել ոմանց կապրիզներն իրականցնելու համար։ Իսկ աբսուրդի վերին աստիճանն է, որ դեռ մարդկանցից «այո» են ակնկալում այն դեպքում, երբ «ոչ»- ը ինքնաբերաբերաբար ձևավորել են ողբերգականորեն զոհված այս զինծառայողները։

Էլ ավելի մեծ աբսուրդ է մտածել, որ բանակում ոչ կանոնագրային հարաբերությունների ահանգնացած այս չափերը պատահականություն են։ Միթե սա՞ չէր լինելու հետևանքը՝

- հասարակությունը հետևողականորեն պառակտելու;

- երկակի ստանդարտների համատարած բնույթի;

- 2019թ. Երևան քաղաքում գրանցված հանցագործությունների 14.5 տոկոս աճի;

- դեռահասների շրջանում ծեծկռտուքների և դանակահարությունների աննախադեպ մեծ թվի, ինչը բացատրելի է այն պայմաններում, երբ ոստիկանության հիմնական գործը դարձել է ցույցեր ցրելն ու ասֆալտին պառկեցելը;

- շինծու գործեր սարքելու և քաղաքական հետապնդումների հրահանգներով իրավապահ մարմիններին գերծանրաբեռնելն այն աստիճան, որ քթի տակ կատարված հանցագործությունները բացահայտելուն ժամանակ չի մնում;

- գեներալիտետին ու հերոսներին վարկաբեկելու; Արցախի հերոսներին ամբաստանյալի կարգավիճակ տալու;- Ապրիլյան հանձնաժողով ստեղծելու հաղթանակած քառօրյայի պարագայում;

- ազգային արժեքների, եկեղեցու, բանակի, հայ մշակույթի ու պատմության դեմ երկու տարի ձգվող բարոյալքող արշավանքի;

- ամենաբարձր ամբիոններից հնչող փողոցային բառապաշարի;- անանուն ֆեյքերի բուծման և «գործ տվողների» խրախուսման;

- և վերջապես՝ եթե իշխող ուժն իր շեֆի առաջնորդությամբ բացահայտորեն խախտում է պետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ապա զինվորն էլ մտածում է, որ ինքն էլ կարող է անպատիժ խախտել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը»։

Զինված ուժերում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեր երկրում ծայր առած դեգրադացիայի արտացոլանքն են։ Բավակա՛ն է թույն ու թշնամանք տարածել, որի առաջին զոհերը դառնում են նոր կյանք մտած պատանիները։ Ամեն զինվոր մի օջախի հույսն ու երջանկությունն է, բավակա՛ն է գլխատել այդ օջախները։ Հինգ հազար տարի նրա համար չենք գոյատևել, որ մի կասկածելի «հեղափոխության» համար անմեղ զոհեր տանք։Բանակը «մայկա-տրուսիկ» չի, բանակը Անկախ Հայաստանի ամենից կայացած կառույցներից մեկն է և այն բարոյալքողները պետության թշնամիներ են։ Նախկին-ներկա, սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական պիտակավորումներն ավարտվում են այնտեղ, որտեղ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու և սահմանը պահող իր զինվորի անվտանգությունը։ Վերջին երկու տարիններ ցույց տվեցին, որ այսօրվա իշխող ուժն իր ղեկավարով հանդերձ ոչ մեկի կյանքի և անվտանգության երաշխավորը լինել չեն կարող, հետևապես և պետք է հեռանան, այլ ոչ թե իրենց գոյությունը երկարաձգող հանրաքվե անցկացնեն։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ