15 02 2020

Կգա օրը, երբ լրատվություն կստանանք միայն պրոպագանդիստական ռեսուրսներից․ Վարոսյան

Կգա օրը, երբ լրատվություն կստանանք միայն պրոպագանդիստական ռեսուրսներից․ Վարոսյան

Իսկ մեղավորը մենք ենք... Հին հայկական ավանդույթ կա` ամեն հարցում մի մեղավոր գտնել, ամեն ինչ կախել վրան ու պախարակել։ Հետո արագ մոռանալ անցնել առաջ, մինչև մի նոր ողբերգություն կլինի` իր նոր մեղավորով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Նույնքան հին է ավանդույթը երբեք չգիտակցելով սեփական պատասխանատվությունը, մենք բոլորս առանձին-առանձին անմեղ ենք, գրեթե սուրբ։ Մենք ի՞նչ ենք արել որ, ոչինչ, ուրեմն մեղք էլ չունենք...Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Եթե պետության մեջ կա բարդակ, երբ պետությունն իրավունք է ոտնահարում, երբ իշխանությունն ուզում է մենաշնորհել ամբողջական իշխանությունը, դրա մեղավորը ոչ այնքան ինքն է, որքան մենք։ Ցանկացած իշխանություն կուզի վայելել իշխանության ուզուրպացիան, չունենալ ծրագիր, իր քմահաճույքով մարդկանց հեռացնել ու նշանակել, հեքիաթներ հորինել, վերացնել իրեն ոչ ենթակա մամուլը, ծփալ սեփական պրոպագանդիստների հորինած իրականության մեջ։ Բայց այդ իշխանությունը դա անելու է այնքան, քանի դեռ նրան թույլ է տալիս հանրությունը` մենք։

Երբ մեկ տարի առաջ պաշտոնից հեռացնում էին Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, մենք գրեթե լուռ էինք, չէինք պահանջում բացատրություն, թե ինչ եք անում, ինչու եք անում, հետո ինչ եք անելու։ Լ.Մնացականյանին ճանաչող, նրա դերը բանակում հասկացող ու նրա հեռացման հետևանքները լավ պատկերացնող մարդիկ ևս գրեթե լուռ էին, սպասում էին, սպասում էինք, մենք էլ չգիտեինք, թե ինչի էինք սպասում։Իսկ այսօր մեղադրանք կառաջադրվի Նարեկ Սամսոնյանին, ով լրատվամիջոցի ղեկավար է, լուր է տարածել, որպես վկա հետո հարցաքննվել, բնականաբար չի բացել աղբյուրն ու հիմա իրեն կմեղադրեն սուտ մատնության համար։ Մենք հասկանալու ենք, որ այդ մեղադրանքն աբսուրդ է, հասկանալու ենք, որ քաղաքական պատվեր է, իրավաբաններով առանձին հավաքներին ծաղրելու ենք ու ծիծաղենք այդ մեղադրանքի վրա, բայց ընդհանուր առմամբ լուռ կմնանք։

Հետո կամաց-կամաց կգա օրը, երբ լրատվություն կկարողանանք ստանալ միայն պրոպագանդիստական ռեսուրսներից, կզայրանանք ու էլի մեղավորներ կփնտրենք։Ապրիլի 5-ին մեզ կանչում են հանրաքվեի, բոլորն են անխտիր հասկանում, որ դա հակաիրավական գործընթաց է, որ իշխանությունը պարզապես չի ուզում ունենալ Սահմանադրական դատարան, որն ի վերջո դարձել է Սահմանադրական դատարան։Հասկանում են, որ ՍԴ-ի հետ կապված ոչ մի ճգնաժամ չկա, որ այդ դատարանն իրականում չի կատարել գեթ մեկ քայլ, որով խոչընդոտված լինի իշխանության` երկրի զարգացմանը միտված որևէ ծրագիր կամ քայլ։ Ողնաշարով զգում ենք նաև, որ ՍԴ-ից ազատվելու այս անթաքույց մոլուցքը ամենայն հավանականությամբ ունի նաև հեռուն գնացող այլ պատճառներ, ու կան ապագայում դակման ենթակա խրթին հարցեր, որոնցից էլի հետո դժգոհելու ենք:

Բայց այս ամենը հասկանալով, պատրաստ ենք սա էլ կուլ տալ ու լռել, գուցե նաև գնալ հանրաքվեի ու վերջնական թաղել անկախ դատական համակարգն առանց հասկանալու մենք յուրաքանչյուրս մեզ ենք զրկում հետագայում անխուսափելի անհրաժեշտ արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից։Իսկ հետո, երբ բանը հասնի յուրաքանչյուրից էլի դժգոհելու ենք, թե դատարան չունեցանք էլի... Եվ դժգոհելով ի՞նչ ենք անելու։ Ճիշտ է` գտնելու ենք մեղավորին, քանի որ մենք ինչ, մենք անմեղ ենք, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»,-գրել է փաստաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ