15  02  2020

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ հարցը

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ հարցը

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվեցին «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին:

Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին:

Երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերսկատարման կարևորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ