13  02  2020

Լավ առիթ է հերթական անգամ ցույց տալու, թե ինչ մակարդակի սուտասան է Արման Բաբաջանյանը․ Բագրատ Միկոյան

Լավ առիթ է հերթական անգամ ցույց տալու, թե ինչ մակարդակի սուտասան է Արման Բաբաջանյանը․ Բագրատ Միկոյան

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե ՍԴ դատավորները չեն համաձայնում վաղ կենսաթոշակի գնալու առաջարկությանն այն պատճառով, որ մեծ գումարներ են ստացել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ նրա փաստաբանների միջոցով։ Հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։ «Պարզ է, որ այդ հայտարարությունը աղերս չունի իրականության հետ։ Թերևս գիտեք, որ ի թիվս այլ հանգամանքների, Արման Բաբաջանյանը հայտնի է Նախագահ Քոչարյանի և նրա ընտանիքի վերաբերյալ կեղծիքների հետևողական տարածմամբ։ Անցած տասը տարիներին նա և իր խմբագրած կայքն ու թերթը բազմիցս պատասխանատվության են ենթարկվել և դատական վճիռներով ստիպված են եղել հերքել իրենց իսկ հորինած սուտը ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։

Կարծում եմ, այս անգամ էլ լավ առիթ է ստեղծվել հերթական անգամ ցույց տալ հանրությանը, թե ինչ մակարդակի սուտասան է Բաբաջանյանը և հերթական անգամ պատժել նրան՝ օրենքի շրջանակներում։ Մենք արդեն փոխանցել ենք այդ հարցազրույցի տեքստը մեր իրավաբան գործընկերներին՝ ընթացք տալու համար»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Ի դեպ, հիշեցնեմ. Վճռաբեկ դատարանի կողմից դեռևս 2019թ.-ի հոկտեմբերին մերժվել է Սկիզբ-Մեդիա Կենտրոնի կողմից բերված վճռաբեկ բողոքը, ինչի հիման վրա օրինական ուժ է ստացել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ հրապարակված զրպարտությունը հերքելու և Ռոբերտ Քոչարյանից ներողամտություն հայցելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Դատարանի վճիռը մինչ օրս չի կատարվել: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը, որպես բարի կամքի դրսևորում, դիմել է Սկիզբ-Մեդիա Կենտրոնին՝ վճիռը կամովին կատարելու պահանջով, սակայն ցայսօր պատասխան չի ստացվել: Ուստի, ներկայացուցիչը ստիպված է եղել դիմել Հարկադիր կատարման ծառայություն՝ վճռի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ