11  02  2020

Մեծ աղմուկ բամբասանքից․ Հ1-ի ռեպորտաժը՝ հերքված բանի մասին

Մեծ աղմուկ բամբասանքից․ Հ1-ի ռեպորտաժը՝ հերքված բանի մասին

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հունվարի 30-ին ռեպորտաժ էր հեռարձակել Հրայր Թովմասյանի մասին, որը դարձավ բուռն քննարկումների ու դատապարտումների առիթ։ Դրվագներից մեկն էլ այն էր թե, ԱԱԾ-ին ուղղած հարցման պատասխանից պարզվում էր որ «Փաստաբան Արամ Օրբելյանն առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու 2019 թվականի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք և փաստաբանի մուտքերը նշված շենք որևէ կերպ չեն հաշվառվել, այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները»։

Ռեպորտաժում ներկայացվեց, որ Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան և դրանով ստեղծեց տպավորություն, թե Հրայր Թովմասյանը ոչ օբյեկտիվ է։

Արամ Օրբելյանն այդ առիթով հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում լինելու ժամանակ այդ կառույցում չի եղել։ «2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել։ Առաջին անգամ ռեպորտաժից եմ իմացել, որ նման գործ կա, չեմ հարցաքննվել, ինձ որևէ հարցում չի արվել, ինձանից որևէ բան չի պարզաբանվել»,- ասել էր Արամ Օրբելյանը։ Արամ Օրբելյանի խոսքով, երբ ինքը ՍԴ է գնացել, այդ ժամանակ ՍԴ-ում գործի քննության հարց անգամ չկար։ Եվ չնայած հերքմանը, այնուամենայնիվ ռեպորտաժը պատրաստվել էր՝ հստակ իմանալով, որ տակը փաստ չկա, հանցակազմ չկա, սակայն մանիպուլյացիայով կարող է աղմուկ հանել։

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ-ին պարզելու «Ի՞նչ գործողություն է ԱԱԾ-ը իրականացրել իր լիազորությունների շրջանակում, որի ընթացքում պարզվել է Արամ Օրբելյանի վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը, ո՞ր գործի շրջանակներում է կատարվել այդ ուսումնասիրությունը, և ի՞նչ ընթացակարգի կամ լիազորության հիման վրա է քննության ընթացքում այդ տեսակի տեղեկատվությունը տրվել ԶԼՄ-ին»։

ԱԱԾ-ից, դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանի ստորագրությամբ ստացանք հետևյալ պատասխանը. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկվել է «Արամ Օրբելյանը ՍԴ-ում գաղտնի հանդիպումներ է ունեցել Հրայր Թովմասյանի հետ, հրահանգ է եղել հանդիպումը չֆիքսել» վերտառությամբ «1in.am» համացանցային կայքի հրապարակումը, որի արդյունքում 28.10.2019թ. նշված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված կարգով կայացել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով։

Միաժամանակ հայտնվում է, որ հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի կողմից ուղարկված գրավոր հարցմանը տրամադրվել է տեղեկատվություն նշված վարույթի վերաբերյալ»։

Դեռևս ոչ մի եզրակացություն չենք անում, ընդամենը հրապարակում ենք ԱԱԾ պատասխանն ամբողջությամբ՝ միաժամանակ նոր հարցում ենք պատրաստվում ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով մեզ տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի հիմք դարձած նյութերը՝ ամբողջ ծավալով։ Հուսով ենք որ նյութերն ստանալուց կպարզվի՝ արդյո՞ք Հ1-ն ունեցել է բավարար հիմքեր այդտեսակ պնդումներ անելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ