07 02 2020

ԱԺ-ում տեղի ունեցածն արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը. Արթուր Դանիելյան

ԱԺ-ում տեղի ունեցածն արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստին:

Նա մասնավորապես գրել է.

«Շնորհավորում եմ բոլորիդ, Հայաստանում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին շատերս սպասում էինք երկու տարի շարունակ, իսկ ոմանք շատ ավելի երկար: Մեկնարկեց հեղափոխությունը: Երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածն ըստ էության արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը: Սա մի իրադարձություն էր, որին, թեկուզ և ենթագիտակցաբար, այնուամենայնիվ շատ անհամբեր սպասում էր համայն հայությունը: Բուն իրադարձությունը պարզապես խախտում է իշխանական ճյուղերի միջև պարտադիր համարվող հավասարակշռության սկզբունքը»,- նշել է Դանիելյանը և հավելել, որ Ազգային ժողովում պետք է լինեն իրար հետ «գզվրտվող», բայց իրարից առանձին մեծամասնություն չունեցող ֆրակցիաներ, Կառավարությունը պիտի հաշվետու լինի այդ ֆրակցիաներին:

«Ու եթե ԱԺ-ում կամ կառավարությունում մեկը շեղվեց «ճիշտ» ուղղուց ու, ասենք, որոշեց հրաժարվել դոլարից որպես պահուստային միջոցից, կամ որոշի արգելել վաշխառությունն առհասարակ ու վարկերը տալ միայն միջնորդավճարի դիմաց, ոչ թե տոկոսի, ապա խաղի մեջ կմտնի «սուրբ կովը», «անկախ» դատական համակարգն ու հղում կանի սրբերի սրբոց սահմանադրության վրա:

Այս սիստեմը գործել է դարերով: Մարդիկ ինքնակամ գնացել են ընտրատեղամասեր ու քվեարկել են ի օգուտ սահմանադրությունների, որոնք միտված էին պահպանել կապիտալիստական ստատուս քվոն, վնասազերծել ազգայնականականներին ու սոցիալիստներին և «հավասարակշռել», ասել է թե` չեզոքացնել իշխաններին: Թե բա՝ ժողովուրդը երբեք չի սխալվում»,- գրառման մեջ նշել է «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիրը՝ հավելելով, որ այս մեխանիզմը 30 տարի է գործում էր նաև Հայաստանում ու, ըստ ամենայնի, շուտով կխափանվի:

«Ընդ որում, կապ չունի, թե ինչ արդյունք կունենա Փաշինյանի նախաձեռնած հանրաքվեն: Տեղի է ունենում արևմտյան դոգմաների դեսակրալիզացիա: Սահմանադրությունը, իշխանական ճյուղերի հավասարակշռումը, պլյուրալիզմը, պարլամենտարիզմը, դեմոկրատիան և նույնիսկ պետության և կրոնի տարանջատումը այլևս սրբություն չեն»,-նշել է Դանիելյանը և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը գոյություն ունի ԵԽԽՎ-ի շնորհիվ:

«ԵԽԽՎ-ն է պատճառը, որ Նիկոլը ցմահ դատապարտված չէ»:

Ըստ Դանիելյանի՝ Փաշինյանը դառնալու է ԵԽԽՎ-ի բարոյազրկման պատճառը, քանի որ վերջինս արարողակարգային դատապարտող ձևակերպումներից զատ Փաշինյանի դեմ այլ բան չի ձեռնարկելու:

«Իրավապաշտպանները մի երկու հատ ստատուս կգրեն, խորհրդարանական ընդդիմությունը հղումներ կանի տարատեսակ կոնվենցիաներին, արտախորհրդարանական ընդդիմությունը կոչ կանի հանրաքվեն վերածել անվստահության քվեի»,- նշել է Դանիելյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ