30 01 2020

Հ1-ը պրոֆեսիոնալ նորմերի լուրջ խախտում է թույլ տվել. Բորիս Նավասարդյան. Aysor.am

Հ1-ը պրոֆեսիոնալ նորմերի լուրջ խախտում է թույլ տվել. Բորիս Նավասարդյան. Aysor.am

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հ1-ի պատրաստած ռեպորտաժի վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

- Պարոն Նավասարդյան, արդյոք այս ռեպորտաժը կարելի է համարել մեդիա հարձակում՝ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն այն որակել էր որպես անմեղության կանխավարկածի խախտում, նախաքննական գաղտնիքի հրապարակում:

- Իհարկե այս նյութն ուսումնասիրման կարիք ունի, բայց ես կարող եմ ենթադրել, որ նյութը տրամադրվել է նախաքննության մարմնից և իրոք համաձայն եմ, որ նմանատիպ նյութեր լրատվամիջոցներին ներկայացնելու համար անհրաժեշտ է արձանագրել նաև անմեղության կանխավարկածը, որն այստեղ չի արվել, և եթե նման նյութ տրամադրվում է առանց նախաքննության մարմնի այդպիսի ակնարկի, ապա դա պարտավոր է անել այն լրատվամիջոցը, որը հեռարձակում է նյութը կամ հրապարակում այն: Դա, կարծում եմ, պրոֆեսիոնալ նորմերի բավականին լուրջ խախտում է Հանրային հեռուստառադիոընկերության կողմից:

Այդ նյութին ավելի խորը գնահատական տալու համար ես հետաքրքրված կլինեի, որպեսզի լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, որի անդամներն են 14 պրոֆեսիոնալներ, միասին քննարկեին դա և տային համապատասխան եզրակացություն: Այդ եզրակացությունը կարևոր կլիներ նաև այն առումով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ըստ այդ հանգամանքի՝ պարտավոր է դիտորդ մարմնի եզարակցությունը եթերով տարածել: Դա, կարծում եմ, որոշակի բարոյական փոխհատուցում կլինի պարոն Թովմասյանի համար, եթե ինքն իրոք ունի այդ նյութի հետ կաված հիմնավորված խնդիրներ: Այնպես որ, մենք մեծ պատրաստակամությամբ կքննարկեինք այդ հարցը, եթե ստանայինք համապատասխան բողոք:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ռեպորտաժը կիսել է ֆեյսբուքյան իր էջում՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ հետ» գրառմամբ: Պարոն Նավասարդյան, արդյոք սա չի խոսում այն մասին, որ ռեպորտաժը և վարչապետի գրառումը իրավապահներին ակնհայտ ցուցում կարող է լինել և արդյոք սա չի խոսում քաղաքական հետապնդման մասին:

- Միշտ չէ, որ պարտադիր երկրի ղեկավարը կամ բարձր պաշտոն ունեցող անձն անմիջական պատվերներ կամ պահանջ է ներկայացում իրավապահ մարմիններին կամ որևէ լրատվամիջոցի, որպեսզի այս կամ այն տեղեկությունները հրապարակվեն: Շատ դեպքերում այդ կառույցներն իրենց նախաձեռնությամբ փորձում են կռահել, թե ինչ է ցանկանում այդ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյան և ցանկանում են իր ուզածը ներկայացնել իրենց նախաձեռնությամբ: Ես չգիտեմ՝ այստեղ եղել է հրահանգ, չի եղել, բայց տվյալ դեպքում դա մեծ նշանակություն չունի, որովհետև մի կողմից ակնհյատ երկրի ղեկավարության կողմից կա հարձակում Թովմասյանի վրա, մյուս կողմից շարունակում ենք ունենալ հնազանդ և ոչ օրենքով գործող տարբեր պետական կառույցներ: Սա, իհարկե, մնում է բավականին լուրջ խնդիր:

Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել: Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ