29 01 2020

Այս մթնոլորտն ու սրա դերակատարներն անցողիկ են․ Աղվան Վարդանյան

Այս մթնոլորտն ու սրա դերակատարներն անցողիկ են․ Աղվան Վարդանյան

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» նախաձեռնությամբ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին արցախյան գոյամարտի զոհերի անմար հիշատակին։

Եռաբլուր երթին հաջորդած համաժողովի ընթացքում «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» համակարգող Աղվան Վարդանյանը 300-ից ավելի ներկաներին ուղղված իր խոսքում նշեց․

«Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է, որ 2001 թ․ այս օրը հռչակվել է Հայոց բանակի տոն։ Ցավոք, այսօր մայրաքաղաքի և հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի այս տոնին նվիրված պաստառներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը նախկինում միշտ եղել է։ Աշխատելու անկարողությունն է, թե միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս ու գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։ Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարներն անցողիկ են, մնայուն է բանակն ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախություն են կերտել»։

Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հանձնախմբի առաջիկա ամիսների գործունեության ուղղություններին, հարցեր հղելու պարոն Վարդանյանին։ Նրա խոսքով․ «Այս իշխանության գահավիժումն այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Փոքր մարդուկներ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Խնդիրն այս խառնակ ժամանակներից նվազ կորուստներով դուրս գալն է։ Այս ամենով հանդերձ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկար լինելը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։ Անվտանգություն, իրավական ժողովրդավարական պետություն, սահմանադրականություն, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն՝ սա է միավորման առանցքը, մեր պատկերացրած հզորացող արդար պետականության հիմքը»։

Խոսելով հետագա անելիքների մասին՝ պրն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում նոր իշխանություն է լինելու՝ ազգային պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող, արդյունավետ կառավարությամբ։ «Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին, շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը»,- նշել է նա։

Համաժողովին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը, ով ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ քրեական գործի շուրջ վերջին զարգացումները։ Վարդևանյանը հիշեցրեց, որ այս պահին ՄԻԵԴ-ում կան տասից ավել դիմում-գանգատներ, նաև առաջիկայում սպասվում են ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները։

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը» քաղաքական հարթակ է, որի առանցքային նպատակն է իրավական պետության պահպանումը, ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքն անհապաղ վերացնելու պահանջով օրինական գործողությունների կազմակերպումը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ