24  01  2020

Նոր ճանապարհը կբեռնաթափի Երևանը․ Հայկ Մարության

Նոր ճանապարհը կբեռնաթափի Երևանը․ Հայկ Մարության

Երեւանի օղակաձեւ ճանապարհի արեւմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սա մեր կարեւորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաեւ տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երեւանի համար»,- նշում է քաղաքապետը:

Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։

Մայրաքաղաքի երթեւեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաեւ տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:

«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, եւ Երեւանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաեւ ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ եւ արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաեւ Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ եւ 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաեւ մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրեւաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրեւաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ:

Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Իսպանական «Լեւանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտեւի 21 ամիս:

Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն եւ իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ