24 01 2020

«Արդշինբանկից» եւ Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ ներողություն չխնդրեցին. Top-News.am

«Արդշինբանկից» եւ Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ ներողություն չխնդրեցին. Top-News.am

Top-News.am-ը գրում է.

«Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով:

«Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,- ավելացրել է Փաշինյանը:

Եւ ոչ մի խոսք այն մասին, որ այս բանկը Ռոբերտ Քոչարյանինն է կամ նրա ընտանիքինը: Ոչ մի խոսք, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: Բայց հիշենք, թե քանի-քանի անգամ, ինչքան երկար ժամանակ լուրեր էին, տարածում, համառ լուրեր, որ այս բանկը պատկանում է Քոչարյանին:

Քանի-քանի հոդված, լուր է գրվել այդ մասին, քանի-քանի հանրահավաքում է տարածվել այս սուտը: Այս մասին գրել է և «Հայկական ժամանակը», ասյ մասին հայտարարվել է Փաշինյանի մասնակցությամբ հանրահավաքներում, իսկ դրանից առաջ նաև Լեւոն-Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հանրահավքներում:

Բացի այդ քանի-քանի հոգու մասին են այսպես սուտ լուրեր տպագրվել նույն «Հայկական ժամանակում» թունավորելով մարդկանց կյանքը, թյուրիմացության մեջ գցելով տասնյակ, հարյուր հազար քաղաքացիների:

Նույնիսկ Սմբատ Կարախանյանի միջոցով հասել են ռուսաստանյան լրատվամիջոցներ, գումարներ ծախսել այս սուտն ավելի շատ տարածելու համար, ընդ որում, գումարն էլ, ինչպես պնդում են ամերիկյան գաղտնազերծված աղբյուրները, տալիս էր ընդդիմադիր հայացքներով հայտնի մի օլիգարխ:

Եւ այս ամենի համար որեւէ մեկը ներողություն չխնդրեց: Ոչ ոք չի էլ մտածում ներողություն խնդրելու մասին նույնիսկ հիմա, երբ վաղուց արդեն ապացուցվել և հերքվել են լուրերը, թե «Արդշինբանը» եւ շատ այլ բանկեր պատկանում են Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին:

Նույնիսկ «Արդշինբանկը» հանդես եկավ հայտարարությամբ, պաշտոնապես հայտարարելով, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հետ փոխկապակցված անձինք, երբեւէ չեն հանդիսացել «Արդշինբանկի» բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստակամություն էր հայտնել ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:

Նույնատիպ հայտարարությամբ հանդես եկան այլ բանկեր եւս, բայց ներողություն խնդրելու մասին որեւէ մեկը չմտածեց: Չեն մտածում նաև այսօր, երբ հպարտանում են բանկի թողարկած եվրոբոնդերով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ