20  01  2020

Հուշում եմ իշխանափոխության 4-րդ տարբերակը․ Ստեփան Դանիելյան

Հուշում եմ իշխանափոխության 4-րդ տարբերակը․ Ստեփան Դանիելյան

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է․

«4-րդ տարբերակը

«Հայկական Ժամանակի» խմբագրականում անհայտ վերլուծաբանը Հայաստանում իշխանափոխության 3 տարբերակ է տեսնում, որոնք այս պահին, ըստ նրա, իրատեսական չեն։

Դրանք են․

- ընտրություններ, որին դեռ 4 տարի կա,

- ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն, ինչը նույնպես անհնարին է, քանի որ ժողովուրդը "նախկիններին" չի ընդունում,

- հեղաշրջում, որն, ըստ անհայտ վերլուծաբանի, նույնպես ներկա պայմաններում հնարավոր չէ։

Վերջում առաջարկվում է այլ տարբերակ հուշել իրեն, եթե այդպիսիք կան։ Հուշում եմ։

Չորրորդ տարբերակ

Անհայտ վերլուծաբանը ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել է գործում, այլ ոչ թե նախագահական, կամ կիսանախագահական եւ կառավարությունը կարող է փոխոխվել խորհրդարանական մեծամասնության կորստի հետեւանքով։

Չնայած նրան․ որ խորհրդարանը Դե Յուրե քաղաքական, բայց Դե Ֆակտո անհասկանալի մարմին է, այնուամենայնիվ, պատգամավորների մի մասը կարող են հիշել, որ իրենք են կառավարությունը ձեւավորող միակ՝ քաղաքական մարմինը։ Այստեղ շեշտը "քաղաքական" բառի վրա է պետք դնել։ Այսինքն, իրենք են մշակում երկրի քաղաքականությունը եւ դրա համար կրում պատասխանատվություն։

Եթե կառավարությունը չի վարում իրենց համար հասկանալի, իսկ հանրության կողմից ընդունելի քաղաքականություն, պատգամավորների վրա դնելով այդ երկիմաստ վիճակի պատասխանատվությունը, ապա կարող է առաջանալ մի իրավիճակ, որ նրանց մի մասը չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը։ Իսկ այդ պատասխանատվությունը, պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար, կարող է շատ ծանր հոգեբանական բեռ դառնալ ապագա կյանքում։

Ներկա պայմաններում նրանք կրում են կառավարության համար պատասխանավություն, սակայն որոշումների կայացման վրա չեն ազդում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ