20 01 2020

Եվ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է. Top-news.am

Եվ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է. Top-news.am

Top-news.am- ը գրել է. Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից Ստյոպա Սաֆարյանի նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց ոչ միայն հանրության, այլ հենց այդ խորհրդի անդամների կողմից: Նա իր գործունեությամբ հաստատ չէր վաստակել այդ պաշտոնում նշանակվելու իրավունքը:

Նրանք, ովքեր Ստյոպա Սաֆարյանին կամ նրա գործունեությանը ծանոթ չեն, այնքան էլ չեն հասկանա, թե որն է խնդիրը, բայց հենց նրանց համար Հանրային խորհրդի նախագահը մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր իրական դեմքը, տեսակը, որակները:

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի ողբերգական մահից հետո նա ֆեյսբուքում հետևյալ գրառումն է անում. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել…»:

Այս խայտառակ գրառումից հետո Ստյոպա Սաֆարյանը պաշտոնանկ չարվեց, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն ծանր բարոյահոգեբանական վիճակի մասին, որում հայտնվել է մեր երկիրը: Ավելին, այս ամենից հետո Սաֆարյանն ինքը հրաժարական չի տալիս, ներողություն չի խնդրում, այլ հոդված է գրում, պնդելով, թե իր գրածը ոմանք շահարկում են, որ որ իր գրածի մեջ որևէ միտք չի եղել, որից հնարավոր լիներ եզրակացնել, թե հասարակությանը բաժանում է «սևերի» և «սպիտակների», և որ ինքը հանրահայտ «Մաֆիա» խաղն է նկատի ունեցել և ոչ թե վերջերս հայտնի «սպիտակ հեղափոխականներին» ու «սև նախկին իշխանություններին»:

Ստյոպա Սաֆարյանը լինելով Հանրային խորհրդի նախագահ վտանգներ մատնանշելու մասին հրապարակումներ անելու փոխարեն պարտավոր էր իր հիմնավոր փաստարկները, տեղեկությունները փոխանցեր համապատասխան մարմիններին: Իսկ ինչ վերաբերում է «Մաֆիա» խաղին, ապա նա չէր կարող չգիտակցել, որ իր գրառումը կարող է այլ կերպ ընկալվել:

Ավելին, ողբերգական մահից հետո գրառում անել և այն համեմել ինչ-որ խաղի հետ կապված եզրույթներով, մեղմ ասած, անխոհեմություն է:

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը դեռ վաղուց է աչքի ընկել նմանատիպ վարքագծով: Մեղմ ասած, նա սադրանքների սիրահար է:

Վիկիլիքսի հրապարակումներից էլ պարզ է դառնում, որ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձութուններից առաջ էլ նա զբաղվել է իրեն բնորոշ գործով:

Այսպես, ամերիկյան դիվանագետների միջև եղած նամակագրությունից պարզում ենք, որ այն ժամանակահատվածում, երբ 2008թ. մարտի 1-ին դեռ որևէ բախում և ողբերգական զարգացում չէին եղել, այլ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստյոպա Սաֆարյանը կապվել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ, և որ իբր ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշել է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)։

Այսքանից հետո ընդամենը մի հարցադրում՝ և ա՞յս մարդը պետք է դառնար Հանրային խորհրդի նախագահ:

Վահրամ Գևորգյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ