13  01  2020

Այնպես չէ, որ քնում-զարթնում ենք միայն ՍԴ խնդրի մասին մտածելով․ ԱԺ նախագահ

Այնպես չէ, որ քնում-զարթնում ենք միայն ՍԴ խնդրի մասին մտածելով․ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրգործին, ասաց, որ Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերեւույթ կամ մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբեւէ նախկինում ունեցած պաշտոնի հետ, քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող։

ԱԺ նախագահը նշեց, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը դեռ հանգուցալուծում չի ստացել։ Հարցին, թե Հրայր Թովմասյանի դեմ քրգործը այդ հանգուցալուծումներից մեկն է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա դրա հետ կապ չունի: Ոնց որ ես հիմա որեւէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը կփոխվի, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որեւէ արած հանցագործություն, եւ ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում: Եկեք այս երկու երեւույթներն իրար հետ չկապենք: Լիներ ՍԴ-ի շուրջ այն ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, թե չլիներ, կապ չունի: Եթե այս մեղասգրվող արարքի մասին բացահայտում արվեր, պետք է արվեր ու գնար այս նույն հունով: Անկախ ամեն ինչից, եթե իրավապահներն այս նույն ճանապարհով գնային, բացահայտումներ անելու էին: Քրեական գործը պայմանավորված չի նրա պաշտոնավարմամբ։ ՍԴ-ի այս թնջուկի հարթումը բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է: Այնպես չէ, որ մենք քնում, զարթնում ենք հենց միայն այս խնդրի մասին մտածելով եւ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից»։

Սուրբ ծննդյան պատարագին Հրայր Թովմասյանի մասնակցությանը անդրադառնալով և պատասխանելով հարցին, թե արդյոք ՍԴ նախագահն իր մտահոգությունն է հայտնել սույն թեմայով, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ