08  01  2020

Հուշում ՀՌՀ նախագահին, թե որտեղ փնտրել ատելության աղբյուրը և տարածողներին

Հուշում ՀՌՀ նախագահին, թե որտեղ փնտրել ատելության աղբյուրը և տարածողներին

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հանձնաժողովի կողմից իրականացվող հեռուստատեսային եթերի մշտադիտարկման որոշակի տվյալներ: Նպատակը եղել է պարզել կրոնական, ազգային խտրականության դրսևորումներ, բռնության կոչեր և այլ օրենքով արգելված բովանդակությունը:

Ճիշտ է՝ ՀՌՀ նախագահն ասում է մշտադիտարկում, բայց այստեղ ներկայացված են՝ իր իսկ ասելով, 21 մեջբերումներ կոնկրետ մեկ հեռուտսաալիքի և մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից: Ինչո՞ւ, դա դեռ թողնենք մի կողմ:

Մեջբերումներից հետո պարոն Հակոբյանը, մասնավորապես, նշում է, որ «նման՝ ատելություն տարածող» բովանդակությամբ ելույթներ նախորդ 21 տարիներին Հայաստանում, ինչպես նաև ամենաազատական երկրներում անհնար է գտնել:

Ցավալի է, որ պարոն Հակոբյանը միայն մեկ հեռուստաալիքի մշտադիտարկման տվյալներն է դիտել և եզրակացության եկել, և չի փորձել վերլուծել, թե այդ ինչպես է, որ 21 տարի մեր երկրում այդտեսակ «ատելություն տարածող» բովանդակությամբ ելույթներ չեն եղել և հիմա կան։ Հարց չի՞ առաջացել, թե ո՞վ, երբվանի՞ց, ինչպիսի՞ բառապաշար մտցրեց քաղաքական և ընդհանրապես հասարակական լեքսիկոն: Ընդամենը առաջարկում ենք 10 այլ մեջբերումներ ընթերցել, որոնց մեծամասնությունը գրեթե բոլորին ծանոթ է։ Ի դեպ, նշենք, որ այս մտքերն առանձնացնելու համար հատուկ մշտադիտարկման կարիք չի եղել, հակառակ դեպքում ցանկը մի քանի էջանոց կլիներ:

Կարդացեք, հետո կշարունակենք մեր զրույցը: Եվ այսպես...

1.     Չփորձի մեկը թփրտալ՝ գող կլինի, հաստավիզ կլինի…պատերով կտանք բոլորին… ձեր տեղը բանտերում է՝ գողեր, թալանչիներ, ստահակներ: Մեկդ չթփրտա՝ «աֆտարիտետ» եք, ինչ եք»:2.     Չոգևորվեք ոչ մեկդ, հանգիստ նստեք տեղներդ և սպասեք, որ այն, ինչը մենք անում ենք, իրականություն դառնա:

 3.     «Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Մի տարվա ընթացքում փոխանակ այդ դատավորները և դատական համակարգը զբաղվեին ինքնամաքրմամբ, ասեին՝ այս ինչ ազատագրում ենք մենք ստացել, ի վերջո, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր լինել, արժանապատիվ քաղաքացի լինել, այդ մարդիկ տերեր են փնտրում:

«Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»:

4.     Էլի եմ ասում՝ ծպտուններդ չհանեք բանակի մասին, հանրապետական եք, ի՞նչ եք:

 5.     Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը, կարող ա իր կեղտոտ թաթիկներով կպնի, կկտրենք բոլորի թաթիկները:

6.     Ես ԱԱԾ-ին և Ոստիկանության հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխներին, այպես կոչված թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:

 7.     Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ:

 8.     Կոռումպացված դատական համակարգը տեղը չի բերում հեղափոխությունը: Ես նրանց՝ դատական և նախկին կոռումպացված իշխանություններին ցանկանում եմ ասել ուղիղ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ:

 9.     Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի: Բոլոր նրանք, որոնք ընկալել են, փոշմանել են: Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով:

 10.  Տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ:

«Կարդացի՞ք: Իսկ հիմա փորձեք գտնել այս մեջբերումներում բացի չարությունից ու ատելությունից գոնե մեկ քննադատական (նույնիսկ շատ դաժան) խոսք կամ գոնե հոդաբաշխ նախադասություն»: Ձևակերպումն ու հարցադրումը Տիգրան Հակոբյանինն է, բայց այս դեպքում հարցը շատ ավելի դիպուկ է: Հակոբյանը այնուհետև շարունակում է ՝ «Հետո փորձեք գտնել նախորդ ամբողջ 21 տարիների ընթացքում բոլոր հեոռւստաընկերությունների բոլոր քաղաքական շոուների հյուրերի գոնե 21 այսպիսի որակավորում, սպառնալիք, հեգնանք, արհամարհանք, ատելության խոսք երկրի ղեկավարի հանդեպ»:

Եվ, իսկապես, դժվար է գտնել առաջին, հետո Սովետական, հետո նորից անկախ Հայաստանի որևէ ղեկավարի որևէ խոսք, որտեղ լինի այսքան ատելություն, մարդկանց բաժանում սևերի և սպիտակների, ընդդիմադիրների նկատմամբ հոխորտանք, դատական իշխանության հանդեպ հեգնանք, վիրավորանք ու անարգանք, իսկ եկեղեցականերին՝ ծնկի բերելու կոչեր: Հետաքրքիր է, թե այս ամենից հետո ինչու է զարմանում Տիգրան Հակոբյանը, ի վերջո բոլորով հնձում ենք այն, ինչ համարյա 2 տարի ցանում է մեր լեգիտիմ իշխանությունը՝ բա ի՞նչ էինք ուզում։ Երկրի, պետության վերնախավի բառապաշարն ու սահմանած նշաձողը սա է, ցավալի է, բայց արդյունքը պետք է լիներ առնվազն համարժեք:

 Ի դեպ, վերոնշյալ 10 չակերտավոր մտքերը հեռուստատեսությամբ հնչել են բազմիցս։ Երևի պարոն Հակոբյանը դիտարկած կլինի։

 Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ