07 01 2020

Հսկայականը նսեմացնել, ճղճիմը խոշորացնել․ Panorama.am

Հսկայականը նսեմացնել, ճղճիմը խոշորացնել․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ենթադրենք մի 100 կամ 1000 հոգի  անվերապահ հավատացին Փաշինյան Նիկոլի մտասևեռմանը, որ Ռոբերտ Քոչարյանն է հայության բոլոր դժբախտությունների պատճառը՝ սկսած Պապ թագավորի թունավորումից․․․ Հետո՞։ Դրանից մեր երկրում իրականությունը փոխվելո՞ւ  է,  կամ գեներալ Սոլեյմանիի սպանության շուրջ տարածաշրջանում ծավալվող զարգացումները մեզ շրջանցելո՞ւ են։

Անհամեմատելի՞ երևույթներ են։ Միանշանակ։ Բայց ահա ևս մեկ տարեթիվ ենք  մտնում՝ աշխարհի բոլոր մեղքերը նշանակված մեկ մեղավորի վրա բարդելու մղձավանջով։ Տարին չսկսված՝ հերթական կեղծիքն է մատուցվում։   Ի՜նչ աստիճանի պետք է մարդու հոգեկան աշխարհը շեղված լինի մի ուղղության վրա, որ նույնիսկ տարածաշրջանում գրեթե անխուսափելի պատերազմի  ֆոնին՝  հանրության ուշադրությունը կենտրոնացնի մի կեղծ օգտատիրոջ վրա։ 

Հարցն իհարկե ֆեյք բռնելը չէ, այլ նրա արարքը   որպես Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի  դրսևորում ձևակերպելը։Այսինքն,  գործում է «թավշյա»  ինդուլգենցիա՝  ընդունիր,  որ օրենք ես  խախտել  Ռոբերտ Քոչարյանին «օգնելու»  համար և ստացիր մեղքերի թողություն։ Հետո քեզ կազատեն, իսկ  քո տված «դոնոս»-ցուցմունքով կկալանվորվի որևէ  իրական աջակից, ինչպես օրինակ դեկտեմբերին նման մեկ այլ  սարքած գործով կալանավորվեց  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։

Ի դեպ, Քոչարյանի աջակիցները գործում են բաց, նրանց դեմքով գիտեն նույնիսկ դատերին հետևող քաղաքացիները․․․ համապատասխան մարմինների իմացության մասին էլ չենք խոսում։ Նրանք իրենց պահանջների մասին բարձրաձայնում են տարուկեսից ավել, գրում են, հարցազրույցներ են տալիս, ՖԲ խմբեր կան։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ և արտահայտել իր կարծիքը Երկրորդ նախագահին կալանավորման վերաբերյալ, ինչպես  ստորագրահավաքին միացած 65 հազարը։ Որևէ գաղտնիք այս առումով չկա։ Եվ ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանին սատարող ցանկացած մարդու  համար առաջնահերթ խնդիրներն են մեր պետության անվտանգությունն ու հեղինակությունը, այնպես որ Հայաստանի վարկին վնասող իրական ու կեղծ օգտատերերին   իշխանական միջանցքներում  է պետք փնտրել։ 

Շատ հեռու գնալ էլ պետք չէ․ միթե   պետությանը չի վարկաբեկում հենց  այն   տխուր տեսարանը, երբ   ԱՄՆ-Իրան անկանխանտեսելի ընթացքով ու հետևանքներով հակամարտության կապակցությամբ   մեր երկրի վարչապետը  իր  վերաբերմունքն է հայտնում  փոքրիկ  լեռան բարձունքից շնչակտուր ուղերձով։

Եվ, Աստված չանի,եթե պատերազմ լինի, այս մարդը պե՞տք Գերագույն հրամանատար լինի․․․Մարդ, ով ինքը չի պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը, իսկ մասնագետների անհանգստությունը պիտակավորում է որպես «տնայնագործ գեոպոլիտիկների» խուճապ։

Ի դեպ,  Հայաստանում կան մի շարք բարձրակարգ  իրանագետներ, ում կարծիքն այսպիսի դեպքերում անտեսելու  ամենից մեղմ գնահատականը կլինի պետությանը վնաս հասցնելը։Լրջանալու պահը վաղուց մի քանի անգամ անցել է։ Իրական վտանգների դեպքում  այս ֆեյքային պատերազմները հանրության համար մղվելու են տասներորդ  պլան,  և այդ ժամանակ ամենայն պարզությամբ կերևա, թե ով է տնայնագործը, ով է բանտարկվածը,ով է բանտարկողը,  ով է կեղծ, ով է ճշմարիտ։

Բավական է երկիրը փորձությունների տանել՝ տուն-տունիկ խաղալով, թացն ու չորն իրար խառնելով,  փոխելով կարևորի  ու անկարևորի տեղերը։Չնայած մեկ անգամ այս միտքն արդեն օգտագործել եմ, բայց այնքան դիպուկ է բնորոշում այս իշխանություններին, հատկապես Փաշինյանին, որ կկրկնեմ ևս մեկ անգամ․ «Հսկայականը նսեմացնելու  բնածին  հատկությունը  կարող է գերազանցվել    միայն ճղճիմը  խոշորացնելու բացառիկ   ունակությամբ»  (Կառլ Մարքս)։

Երկրորդ տարին է Հայաստան պետությունը ղեկավարվում է այս սկզբունքով։  Բայց ամեն ինչ ի վերջո ջրի երես է դուրս գալիս, և անգամ ամենամոլեռանդ նիկոլոպաշտներն են  շուտով զգալու, որ չարիքի արմատը հանրապետությունը զավթած սուտն ու կեղծիքն է։ Ոչ ոք որևէ ընտրովի պաշտոնյայի հավերժ հավատարմության երդում չի տալիս․․․ չե՞ս կարողանում աշխատել՝ հեռացի՛ր։ Ժողովրդավարության պահանջներին համապատասխան կընտրվի հաջորդը ։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ