28  12  2019

Բռնաբարված Ֆեմիդան և Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհը

Բռնաբարված Ֆեմիդան և Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհը

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ դատաիրավական համակարգի շուրջ ընթացող քաշքշուկը շարունակում է մնալ հայաստանյան առօրյայում քննարկվող առաջնային հարցերից մեկը։ Սա մի գործընթաց է, որին գործող քայլարաստ իշխանությունները տալիս են գերկարևոր, կարելի է անգամ ասել՝ ամենաառաջնային նշանակություն։ Իշխանությունների համար հիմնավորումը շատ պարզ է ու նաիվ. նրանք շարունակ պնդում են այն թեզը, թե՝ «ՀՀ տեղի ունեցած հեղափոխությանը խոչընդոտում է ՍԴ այսօրվա կազմը, քանի որ այն սպասարկում է նախորդ համակարգին»։ Քայլած իշխանության այս պրիմիտիվ հիմնավորումներին ականատես ենք արդեն 2018-ի մայիսից, և քիչ թե շատ ռացիոնալ մտածողություն ունեցող անհատների մոտ այն արդեն ժպիտ է առաջացնում, քանի որ գործում է նույն ծեծված բանաձևը՝ «ամեն ինչում մեղավոր են Սերժն ու ՀՀԿ-ականները»։

Օրեր առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ մինչև Ամանոր իշխանությունները պլանավորել են նախաձեռնել ձերբակալությունների հերթական «շքերթը»։ Նաև կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները, այսպես ասած, «սլիվ» էին հրապարակել, որի համաձայն՝ Նիկոլը ուժայիններին հանձնարարել է Ամանորին տարեկան հաշվետվությունների ֆոնին համապատասխան՝ «պատշաճ» ինտրիգային աուրա ապահովել։ Նախօրեին ( նախագահ) Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից ընդամենն օրեր առաջ:

Հիշեցում:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև նախագահ է ընտրվել 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածին համապատասխան: Այսպես 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրված է, որ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության: Կալանավորվել եզրույթը տվյալ դեպքում նույնացված է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրռելու հետ: Կոնկրե՝ սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելիս դատարան պետք է ներկայացնել նաև սահմանադրական դատարանի համաձայնությունը:

Ինչ վերաբերում է որպես մեղադրյալ ներգրավելու եզրույթին, ապա նման որոշում կայացնող պաշտոնատար անձը պարտավոր է նախապես հայցել սահմանադրական դատարանի համաձայնությունը: Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելիության ինստիտուտը տարածվում է նաև ձեռբակալման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման վրա: Մասնավորապես, ըստ Սահմանադրության 97-րդ հոդվածի՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձեռբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Անձեռնմխելիությունը տվյալ դեպքում արտահայտվում է նրանում, որ սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձեռբակալել միայն բացառիկ դեպքերում այն է՝ երբ ձեռբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը հանցագործությունը կատարելուց հետո միայն որոշ ժամանակ անց է ձեռք բերում բավարար հիմքեր սահմանադրական դատարանի անդամի նկատմամաբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը, պետք է համապատասխան միջնորդությամբ դիմի դատարան, եթե այդ առնչությամբ առկա կլինի սահմանադրական դատարանի համաձայնությունը: Այսինքն՝ այդ դեպքում արդեն քրեական հետապնդում իրականացնող մարմինն իրավասու չէ ձեռբակալելու սահմանադրական դատարանի անդամին:

Այդ առումով էլ Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է և վերջ:

Հայտնի է, որ կառավարությունը ՍԴ դատավորներին առաջարկում է (օրինական կաշարք) մինչև 2020թ. հունվարի 31-ը կամավոր հրաժարականի դեպքում պահպանել աշխատավարձը մինչև կենսաթոշակային տարիք: Այս օրենքի հակասահմանադրականության մասին բազմաթիվ փորձագետներ ներկայացրել էին իրենց տեսակետը՝ բազմաթիվ փաստերով ներկայացնելով, թե ինչ լուրջ ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ այն դատական համակարգի վրա, և ինչ կոռուպցիոն խորքային տարրեր է պարունակում իր մեջ։ Օրենքն առնչվում է ՍԴ 9 դատավորներից 7-ին, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել 2005թ. սահմանադրական կարգավորումներով, և որոնց վրա չի ազդում 2015թ. Սահմանադրությամբ նախատեսվածը: Երեկ ՀՔԾ քննիչները նախ ներկայացել էին ՍԴ, որից հետո լրատվականներում տեղեկատվություն տարածվեց, որ ՍԴ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով իշխանությունների անմիջական թիրախում է վերջին վեց ամիսներին։ Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհի բազմաթիվ տեսարանների ականատես եղանք բոլորս, սակայն ՀՔԾ հարցաքննության փաստը Սահմանադրական դատարանի վրա թքած ունենալու՝ օրվա իշխանությունների վերջին շտրիխն էր։ Այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, բացահայտ ու լուրջ ապտակ է ՀՀ ողջ դատական իշխանության նկատմամբ, քանի որ, երբ իշխանությունները ՍԴ դատավորներին ժամկետային առաջարկ են ներկայացնում, ակնհայտորեն ոտնահարում են նրանց կամավորության իրավունքը։

Միանշանակ է, որ այս ժամկետին հաջորդելու է իշխանության գրոհի հերթական ռաունդը՝ այս անգամ թիրախում ունենալով ՍԴ մյուս անդամներին: Այն հիմնավորումը, որը ներկայացվում է իշխանությունների կողմից, թե ՍԴ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական վերաբերմունք է ներկայացրել, հերթական մանիպուլյացիան է, քանի որ Հանձնաժողովը դրական վերաբերմունք է հայտնել միայն դատավորների բարեվարքության փաստի հետ կապված, իսկ կենսաթոշակի դրույթի վերաբերյալ կարծիք է հայտնել, ըստ որի՝ այն վերանայման կարիք ունի։ Փաստն այն է,որ Վահե Գրիգորյան օպերացիան չաշխատելուց հետո, հիմա իշխանությունը գնում է ավելի կոնկրետ քայլերի․ պարզ է, որ հարկադիր կենսաթոշակի ուղարկելու գործընթացը ձախողված է, այդ իսկ պատճառով ներկայումս գնում են դատավորների, այսպես ասած, «վախը բռնելու» քայլերին։ Մասնագետները վստահեցնում են՝ նման գործելաոճի կազմակերպիչներն առաջին իսկ պատեհ առիթով պատասխանատվության են ենթարկելու այս կատակլիզմը կազմակերպողին։ Քաղաքական իշխանությունն իր առջև նպատակ է դրել ամեն գնով ազատվել ՍԴ իրենց ոչ ցանկալի դատավորներից։ Սա իշխանության ճյուղերի բնականոն ու նորմալ աշխատանքի բացահայտ ոտնահարում է։ Ցանկացած սահմանադրական նորմի ոտնահարում, որն ուղեկցվում է ակնհայտ քաղաքական շահարկումներով, երկրում ստեղծում է իրավական ճգնաժամային ու կոլապսային իրադրություն։ Այս պատմության մեջ ամենաինտրիգայինն այն է, որ ՍԴ նախագահը բացարձակ անձեռնմխելի անձ է, իսկ իշխանությունների այս վարքագիծը դատական համակարգը ոտնահարելու հերթական դրսևորում է։

Հ.Գ. Հակասահմանադրական օրենքը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, ինչը, մասնագետների գնահատմամբ՝ բարձր դատարանի արժեհամակարգը վիրավորող օրենք է, կամ այլ բնորոշմամբ՝ դատարանի առաքելությանը հակառակ գնալու օրինագիծ է։

Հ.Գ.Գ. Տեղի ունեցածից կարող եմ եզրակացնել հետևյալը. օրվա իշխանություններն ուղղակի ցանկանում են ունենալ անձնական օգտագործման ՍԴ-ը։ Հայաստանում ինստիտուտների հավասարակշռման սկզբունքը չի գործում, ինչի վառ ապացույցը հենց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ