27 12 2019

Արմեն Թավադյանի նկատմամբ քրգործի հարուցումը նման է քաղաքական հաշվեհարդարի. Հայտարարություն



«5-րդ ալիք»-ի լրագրողական թիմը հայտարարություն է տարածել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար:

Սա նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ արշավի տրամաբանության մեջ:

Հեռուստաընկերությունը ստեղծման օրից ստիպված է հաղաթահարել մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են իշխանության կողմից ատելության խոսքի քարոզի, լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականության հետ:

Պետական հաստատություններից հանրային նշանակության տեղեկություններ ստանալը մեր լրագրողների համար դարձել է գրեթե անհնար, կառավարության անդամներից, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալու ջանքերը առավել հաճախ դատապարտվում են ձախողման. նրանք հիմնականում մերժում են հեռուստահաղորդումների, բանավեճերի մասնակցելու մեր հրավերները, դեպքի վայրում անհարգալից վերաբերմունք են դրսևորում հեռուստաընկերության թղթակիցների հանդեպ: Նույնիսկ մասնավոր զրույցներից մեկում ակնարկել են, որ մեզնով կզբաղվեն համապատասխան կառույցները:

Հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը, հանրային կարծիքը «5-րդ ալիքի» դեմ տրամադրելու իշխանության բացահայտ և քողարկված քայլերը, համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ, ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ:

Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարում  բացի  «5-րդ ալիքից»  ապօրինի գործողությունների թիրախում են հայտնվել մի շարք լրատվամիջոցներ («Yerevan.today» «News.am», «Aysor.am», «Hayeli.am», «Հրապարակ» օրաթերթ, «Ժողովուրդ» օրաթերթ, «Կենտրոն» Հ/Ը),  կոչ ենք անում քաղաքական ուժերին, տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին, լրագրողական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին  հանդես գալ Հայաստանում լրագրողների իրավունքների, ազատ լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ: 

Չնայած խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանության լայն գործիքակազմին, «5-րդ ալիքի» լրագրողները շարունակելու են անել առավելագույնը, որպեսզի հանրային խաթարված համերաշխության պայմաններում ապահովեն հնարավորինս հավասարակշռված լրատվություն:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բազմահազարանոց լսարանին հավատարմության և աջակցության համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ