27 12 2019

Ինչպես են Փաշինյանը և Ալիևը վերաբերվում զոհված զինվորների ընտանիքներին․Համբարյան

Ինչպես են Փաշինյանը և Ալիևը վերաբերվում զոհված զինվորների ընտանիքներին․Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես են Փաշինյանը և Ալիևը վերաբերվում զոհված զինծառայողների ընտանիքներին…

Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի` 2008 թ-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրվեց 30 միլիոն դրամ, իսկ վիրավորներին՝ 15 միլիոն դրամ, մեծ քննարկումների տեղիք տվեց… Արցախյան պատերազմում և զինադադարի կնքումից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամների շահերի պաշտպանները կառավարությունից պահանջեցին իրենց «պաշտպանյալներին» ևս ֆինանսական փոխհատուցում տրամադրել, որը, սակայն, կառավարության կողմից մինչև հիմա լուծում չի ստացել…

Ավելին, կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի վերջիններիս մեղադրեց «չուզողության» մեջ, սակայն խոստացավ, որ նրանց հերթն էլ մի օր կհասնի…

Մինչ պարոն Փաշինյանը զոհված զինծառայողների ընտանիքներին խոստումներ է տալիս, նրա` Բաքվի «կիրթ» կոլեգան տարեվերջյան ակտիվ սոցիալական գործունեությամբ է զբաղված…

Դեկտեմբերի 24-ին մազութոտ սուլթանը Բաքվի Նիզամիի շրջանում բնակարաններ և մեքենաներ է նվիրել Արցախյան պատերազմում հաշմանդամություն ստացած վետերան ասկյարներին և շահիդների ընտանիքներին, իսկ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի սոցապ փոխնախարար Անար Քերիմովը Ապշերոնի շրջանի Մամեդլի գյուղում ևս 36 բնակարանի բանալիներ է նվիրել վերը նշված կատեգորիայի քաղաքացիներին… Լրագրողների հետ ճեպազրույցում Քերիմովը հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել…

Այսպես, 2018 թ-ին Իլհամ բաբայի կառավարությունը շահիդների և Արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ասկյարների ընտանիքներին տրամադրել է 626 բնակարան, իսկ 2019 թ-ին պլանավորել է տրամադրել 934 տուն և բնակարան, որոնց մեծ մասը կահավորված վիճակում արդեն տրամադրված է շահառուներին… Միայն այս տարի այդ նույն շահառուներին հատկացվել է 600 մեքենա, իսկ ընդհանրապես այդ կատեգորիայի քաղաքացիներին մինչև հիմա տրամադրվել է 6573 մեքենա…

Ես հասկանում եմ, որ մենք չենք կարող համեմատվել նավթով և գազով հարուստ Ադրբեջանի հետ, սակայն, հաշվի առնելով այս 1,9 ամսվա ընթացքում պարոն Փաշինյանի բուրժուական ծախսերը և նրա նախարարափոխնախարարամարզպետական աշխատավարձերի կրկնապատկումը, պետական բյուջեի շարունակվող պարգևավճարային թալանը, ՍԴ դատավորներին առաջարկվող օրինական «կաշառքը» և այլ փաստեր, գտնում եմ, որ մեր իշխանություններն ի վիճակի են գումարներ տրամադրել նաև մեր զոհված զինծառայողների ընտանիքներին ևս…

Հետաքրքիր է, սոցապ նախարար տիկին Բաթոյանը, ով աչքի է ընկնում իր բազմաթիվ անտրամաբանական որոշումներով և հայտարարություններով, կարող է հասարակությանը ներկայացնել, թե այս մեկ տարվա մեջ իր ղեկավարած գերատեսչությունն ինչ է արել մեր զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքների համար…

Հ.Գ. «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքները և վիրավորները անպայման պետք է փոխհատուցում ստանային, բայց ոչ պետբյուջեից, այլ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց կողմից… Անտրամաբանական և անբարո է, երբ պետությունը դառնում է հարուստ «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքների և վիրավորների համար, բայց աղքատանում է, երբ հարցը վերաբերում է մեր զոհված զինվորների ընտանիքներին…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ