25 12 2019

Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցից փողի դիմաց հանվե՞լ է Ռուբեն Հայրապետյանի անունը․ Politik.am

Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցից փողի դիմաց հանվե՞լ է Ռուբեն Հայրապետյանի անունը․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Նոր իշխանությունները Մարտի մեկի փաստահավաք խմբի զեկույցները համարում են վերջին ճշմարտությունը։ Մարտի մեկով հարուցված քրեական գործերի հիմքում հենց այս զեկույցն է դրված։ Նախկինում հաճախ են եղել քննադատություններ, որ զեկույցում բազմաթիվ չփաստարկված պնդումներ կան։  

Օրերս փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆրյանի կողմից արված հայտարարությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու այն պնդումները, ըստ որի խմբի անդամները զեկույցը կազմելիս անձնական, քաղաքական նախասիրություններով են շարժվել։

Ֆակտոր լրատվականի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի հնարավոր մասնակցությանը, ասել է․ «Այդպես չէ, ես գիտեմ, որ նրանք պատանեկան տարիներին շփումներ են ունեցել, ես հարգում եմ մարդկանց ընկերությունը։ Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին երբեք չի հովանավորել։ Եթե Ռուբեն Հայրապետյանին հովանավորեր, իրային պահեստներից վերցված համազգեստների հետ կապված մենք զեկույց էինք հրապարակել փաստահավաք խմբում, և նրա անունը չէր լինի։ Եթե Անդրանիկ Քոչարյանը ուզենար օգնել Հայրապետյանին, կուզենար օգնել։ Հետագայում, ՀՔԾ-ին հաջողվել է հարցաքննությունների միջոցով պարզել, իհարկե՝ տեսանյութ կա, որտեղ Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնապահները՝ քաղաքացիական համազգեստով մարդիկ զենքեր են ստանում, քրեական գործով քննություն է տարվել, և ՀՔԾ-ն իր քննության շրջանակում պարզել է այս հանգամանքները ևս, և այս կարգի ցուցմունքներ են առկա, որ զենք ստացողների մեջ կային այս-այս մարդկանց թիկնապահները»։

Ի հեճուկս Սեդա Սաֆարյանի, իրային պահեստներից վերցված համազգեստների ցուցակում բացակայում է Ռուբեն Հայրապետյանի անունը։ Եվ եթե հավատանք Սեդա Սաֆարյանին, ապա կարող են պնդել, որ Անդրանիկ Քոչարյանը սեփական նախաձեռնությամբ է այդ ուցակից հանել իր ընկերոջ անունը։

Անդրանիկ Քոչարյանը ևս տարիներ առաջ լրատվականներից մեկի հետ զրույցում պնդել է, որ Ռուբեն Հայրապետյանի անունը չի եղել այդ ցուցակում․«Ինչ վերաբերում է նրան, թե Անդրանիկ Քոչարյանը ինչպես կպահեր իրեն, եթե այդ ցուցակում լիներ իր ընկեր Ռուբեն Հայրապետյանի անունը, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն: Նման դեպքում ես ոչ թե կհանեի Ռուբեն Հայրապետյանի անունը ցուցակից, այլ ինքս հրաժարական կտայի և չէի մասնակցի այդ գործընթացին: Ես շարունակել եմ այդ գործընթացը` իմ ձեռքի տակ ունենալով բոլոր փաստաթղթերը: Մեկ այլ դեպքում չեմ բացառում, որ այլ փաստաթղթեր ունենալով` նույնպես կտայի այդ հրաժարականը: Այդ շահարկումները պարզապես պետք է դադարեցնել»։

Եվ հիմա, երբ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ կա տեսանյութ, որը ապացուցում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը ցուցարարների դեմ գործողություններին, ավելին, երբ նա խոսում է ցուցակում առկա Հայրապետյանի անվան մասին, երբ իրականում հրապարակված ցուցակում այն բացակայում է՝ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Առնվազն հասարակության համար կրկին օրակարագային են դառնում այն կասկածները, որոնք կային տարիներ առաջ Անդրանիկ Քոչարյանի մասով։ Հիշեցնենք, որ տարիներ շարունակ հասարակական տարբեր խմբեր պնդել են, որ Անդրանիկ Քոչարյանը որոշակի պայմանավորվածությունների դիմաց մեղմացրել է որոշ գործիչների դերակատարումը, իսկ իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդների մասով գույները խտացրել է և հաճախ հորինված պատմություններ զետեղել զեկույցում։

Այսքանից հետո առնվազն պետք է մի փաստահավաք խումբ էլ ստեղծվի, որը կպարզի, թե ինչ շահերով է առաջնորդվել Անդրանիկ Քոչարյանը մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելիս։ Եվ արդյո՞ք կարելի է այս պարագայում լուրջ ընկալել նրա կողմից հավաքված փաստերը։

Մենք իհարկե պնդում չենք անում, որ Քոչարյանը փողի դիմաց իր վաղեմի ընկերոջ անունը հանել է հայտնի ցուցակից, սակայն նույն փաստահավաք խմբի մեկ այլ անդամի՝ Սեդա Սաֆարյանի հայտարարությունները առնվազն ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ կարող էր նման բան տեղի ունենալ։ Այս հարցերը պետք է իրենց պատասխանները ստանան։

Հ․Գ․ Այս ամենից հետո առնվազն կարելի է կարծել, որ նշվածը ցուցակը հորինվել է հենց Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Չպետք  է մոռանալ, որ փաստաթուղթ կոչվածը Ա4 ֆորմատի թղթի վրա գրված մարդկանց անունների ցուցակ է, որը կնքված և ստորագրված չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ