25  12  2019

Ոստիկանապետությունը պոզով-պոչո՞վ է լինում

Ոստիկանապետությունը պոզով-պոչո՞վ է լինում

Մինչ Նոր տարվա առթիվ մարդիկ կշնորհավորեն զմիմեանս, Հայաստանի «թավշյա» անձնապետության վերածված երբեմնի հանրապետության հպարտ բնակիչներին արդեն իսկ կարելի է «շնորհավորել»՝ ոստիկանապետության հաստատման առթիվ:

Ճիշտ է, երբ նայում ես քրեական խրոնիկայի հաղորդագրությունները, հասկանում ես, որ երկրում բարձ քրեածին իրավիճակ է, իսկ ոստիկանությունն էլ ահագին անելիք ունի: Բայց օրվա իշխանությունը երկրի հասարակական-քաղաքական միջավայրում աչքի է ընկնում բացարձակ ոստիկապետական դրսևորումներով:

Դեկտեմբերի 24-ի անցուդարձը եկավ լրացնելու և է՛լ ավելի ամրապնդելու այդ տպավորությունը, որ սուբյեկտիվից արդեն ձգտում է օբյեկտիվի: Ասենք դա անցուդարձ էլ չէ արդեն, նույնիսկ իրադարձություն բառն է դժգույն թվում, ուստի, համեցեք, նոր բնորոշում՝ իրաԴարդություն(ներ): Կարծում եմ, իրաԴարդություն ասածս լրացուցիչ բացատրելու անհրաժեշտություն առայժմ չի զգացվում:

Առաջինը, ինչ ուշադրություն գրավեց, իհարկե, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին «շուխուռով» բերման ենթարկելն էր: Սա ավելին է, քան՝ խայտառակությունը: Հարցն այն է, որ նախ, անձին բերման են ենթարկում մի միջադեպի հետ կապված, որին նա, փաստորեն մասնակցություն չի ունեցել և նույնիսկ ականատես վկա չէ: Երկրորդ, ոստիկանական հատուկ խմբի մի ամբողջ ջոկ է գործուղվում ԵՊՀ շենք՝ իր աշխատասենյակում նստած ՈՒԽ նախագահին «բռնելու», բռնելն էլ քիչ է՝ ձեռնաշղթաներով, շուխուռ-ղալմաղալով «քաղմաս» տանելու համար: Երեկոյան, իհարկե, նրան սուսուփուս բաց են թողնում: Է՛լ ավելի ամոթալի է, որ այդ ամենը կատարվում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի որոշ մասնակցությամբ:

Մի՞թե ոստիկանապետությունը պոզով-պոչով է լինում: Իշխանությունները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ձգտում են որքան կարող են՝ ահաբեկել հանրությանը, հասարակության հաստակապես այն հատվածին ու քիչ թե շատ նկատելի ներկայացուցիչներին, որոնք, այսպես ասենք՝ վարչապետի պաշտոնին հայտնված երբեմնի ընդդիմադիր գործչին սրբապատկերի տեղ չեն ընդունում, կամ պարզապես նրանց, ովքեր «իմքայլական» չեն, յուրային չեն, «սվոյ» չեն:

Հիմնական տպավորությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ձգտում է ամենաչնչին առիթի դեպքում, նաև՝ առանց որևէ առիթի, հնարավորինս շատ ցուցադրական ակցիաներ իրականացնել՝ երկրում վախի ու ահաբեկության մթնոլորտ հաստատելու համար: Չի ստացվելու, միանգամից նկատեմ: Կարճաժամկետ կասկածելի դիվիդենտներ միգուցե իշխանությունը «շահի», բայց մեծ հաշվով, դա ձախողակ ու ինքնակործան ուղի է:

Օրվա երկրորդ կեսի համար իշխանությունը նախապատրաստել էր այլ «ցուցադրություն». «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը՝ ակնհայտորեն շինծու, նույն ինքը՝ «սարքված» քրգործով առաջադրված մեղադրանքով: Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի վարչախումբը, եթե կուզեք՝ «թավշյա» անձնիշխանական ռեժիմը «մրսում» է «5-րդ ալիք» հեռուստաընկերության քննադատական, ոչ իշխանական եթերից, ուստի, այլ բան մտածել չկարողանալով, անցնում է բացահայտ ռեպրեսիաների: Դա հի՜ն, բռնապետական մեթոդ է: Հասկանալի է նաև, որ ազատ խոսքը ճնշելուց, իշխանության կոնտրոլից դուրս լրատվամիջոցին հարվածելուց բացի, իշխանությունը նաև նպատակ ունի վախեցնել, ահաբեկել մյուս բոլորին, հակսցնելով, որ եթե կառավարության դուդուկի տակ չպարեք, Նիկոլ Փաշինյանին չասեք՝ «Օ՜...», ձեզ էլ «կտանեն»:

Ինչպես, ասենք, դատավորների դեպքում էր: Իշխանությունն իր ամբողջ ռեպրեսիվ ապարատով ու ռեգրեսիվ «ֆեյքաթմով» մեկ-երկու անհնազանդ դատավորի վրա հարձակվեց, մնացած դատավորները «խելոքացան»: Իշխանությունն էլ դատական իշխանություն ասվածը ոչնչացրեց՝ դնելով այն կառավարության կրնկի տակ, ու հիմա բոլոր կամ գրեթե բոլոր «դատավորները» հլու-հնազանդ դակում են կառավարությունից կամ կառավարության ՀՔԾ-ից իջեցված հրամանները:

Հա, բայց հասարակության, հատկապես ինքնուրույն մտածողություն և քաղաքացիական ջիղ ու կամք ունեցող որակյալ փոքրամասնության դեպքում այդ նույն ահաբեկման գործիքները չեն աշխատում: Ավելի ճիշտ, տրամագծորեն հակառակ էֆեկտ են տալիս կամ կտան, և դա իրեն երկար սպասեցնել չի տա:

Իսկ առայժմ. բարի գալուստ «թավշյա» ոստիկանապետաստան:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ