20  12  2019

Թրամփը պահանջում է անհապաղ դատաքննություն սկսել Սենատում իր իմփիչմենթի վերաբերյալ գործով

Թրամփը պահանջում է անհապաղ դատաքննություն սկսել Սենատում իր իմփիչմենթի վերաբերյալ գործով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է անհապաղ սկսել ԱՄՆ Սենատում իր իմփիչմենթի վերաբերյալ գործով դատաքննությունը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Նա հայտնել է, որ դեմոկրատները ցանկանում են Սենատին թելադրել, թե ինչպես վարեն դատավարությունը այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատում Թրամփի համար չեն ապահովել պատշաճ գործընթաց՝ առանց վկաների եւ փաստաբանի: «Իրականում նրանք (դեմոկրատները) ոչ մի ապացույց չունեն, չեն էլ ունենա երբեք: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես անհապաղ դատ եմ պահանջում»,- թվիթերյան իր էջում նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն ավելի ուշ հավելել է, որ դեմոկրատներին չի հաջողվել իմփիչմենթի հարցում հասնել հանրապետականների եւ ոչ մի ձայնի: Նա գործը միստիֆիկացիա է անվանել եւ հայտարարել, որ դեմոկրատների գործերն այնքան վատ են, որ անգամ չեն ցանկանում դատարան գնալ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 19-ին քվեարկել էր նախագահ Թրամփի իմփիչմենթի օգտին: «Լիզորությունների գերազանցում» հոդվածով իմփիչմենթին կողմ էր քվեարկել 230 օրենսդիր, դեմ՝ 197:

Ստորին պալատի անդամների մեծամասնությունը պետության ղեկավարին մեղադրել էր նաեւ Կոնգրեսին խոչընդոտելու մեջ: Հիմա Սենատի անդամները պետք է Թրամփին արդարացնեն եւ թողնեն պաշտոնին կամ ճանաչեն մեղադրանքները եւ նրան նախագահի պաշտոնից հանեն:

Ինքը՝ Թրամփը, իմփիչմենթն անվանել է «Դեմոկրատական կուսակցության ինքնքասպանություն»: Միչիգանում ելույթ ունենալիս նա ասել է, որ այս գործընթացը դեմոկրատների փորձն է հաշիվ մաքրելու 2016-ի ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ