18  12  2019

Վահե Գրիգորյանը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները. փաստաբան

Վահե Գրիգորյանը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները. փաստաբան

Փաստաբան Էդգար Թումասյանը գրում է․

«Իմ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան էր բողոքարկվել պաշտպանյալիս նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկում (прослушка) օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշումը, որի արդյունքում ՀՀ վերաննիչ քրեական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 5-ին որոշում էր կայացրել կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։

Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին և նախնական ուսումնասիրում իրականացնելու և գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար մակագրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վ.Գրիգորյանին, սակայն վերջինս սահմանված ժամկետում գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել, որի արդյունքում Սահմանադրական դատարանի 26.11.2019 թվականի ՍԴԱՈ-140 աշխատակարգային որոշմամբ հաղորդումը ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 17-ը, սակայն Վ.Գրիգորյանն այդ ժամկետում ևս չի ներկայացրել գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում, որի հետևանքով 17.12.2019 թվականի ՍԴԱՈ-164 աշխատակարգային որոշմամբ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ։

Փաստորեն ստացվում է, որ Վահե Գրիգորյանը, զբաղեցնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, հրաժարվում է իրականացնել իր գործառույթային պարտականությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման հետ, սակայն չաշխատելու պայմաններում ստանում է բարձր աշխատավարձ և օգտվում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված այլ առավելություններից։

Այսօր իրավապահ համակարգում պետական միջոցները վատնելու համար մեղադրանքներ են առաջադրվում տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, իսկ կոնկրետ Վահե Գրիգորյանի կողմից իր պարտականությունները չկատարելու մասին խոսում են գրեթե բոլորը, սակայն դա որևէ իրավական արձագանք չի ստանում իրավապահ մարմինների կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ