13 12 2019

Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում. Դավիթ Հարությունյան

Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել  ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։

«Գնահատելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․

·      Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։   ·      Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:

Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ  Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ: Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ներկայացրել էր իր դիտարկումները՝ նախարարի փաստարկների վերաբերյալ, որոնց այսօր արձագանքել էր  Ռ.Բադասյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ