13  12  2019

Զոհրաբ Մնացականյանն արժանացել է բազմաթիվ քննադատական հոդվածների. «Մեդիա պաշտպան»

Զոհրաբ Մնացականյանն արժանացել է բազմաթիվ քննադատական հոդվածների. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 682 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 25-ը՝ դրական, 585-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս տասնօրյակում արժանացել է բազմաթիվ քննադատական հոդվածների։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն, ասել է, որ դա ապագային միտված տեսլական չէր, այլ ընդամենը կարմիր գծերի թվարկում։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի, ներկա կառավարությունն Արցախի հարցում դեռ որևէ տեսլական չի ներկայացրել։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանն, ասել է, որ այն բազմաթիվ հարցեր է առաջացրել և թվարկել է դրանք. «Ինչո՞ւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեքստում չեն եղել կարևոր տողեր՝ ակտուա՞լ է արդյոք ադրբեջանցի փախստականների մասին թեզը, և կարո՞ղ է արդյոք այդ հարցը հավակնել Ստեփանակերտի կարգավիճակի մասին հավասար հարց լինելուն»։

Ըստ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի, Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում տեղի ունեցող հանդիպումից հետո, վերականգնել է նախորդ իշխանությունների ժամանակ բանակցություններում տեղի ունեցողը և ներկայացրել է, որպես այս իշխանության նախաձեռնություն։ Նա նշում է նաև, որ Բրատիսլավայում խորհրդակցություն չի եղել, որքան էլ որ ԱԳ նախարարների հանդիպումը պրն. Մնացականյանը խորհրդակցություն է անվանում։ Ըստ Հակոբյանի, տեղի ունեցածը բանակցություն է։ Նա նաև հավելել է. «Բանակցությունները տարվում են փաստաթղթի, սկզբունքների շուրջ՝ համաձայնեցված, բայց, թե որո՞նք են այդ համաձայնեցված դրույթները՝ անհասկանալի է։ Ադրբեջանական կողմը հստակ ասաց, որ իրենց բանակցային դիրքորոշմամբ փորձ են անում չեղարկել արցախյան պատերազմի արդյունքները, չեղարկել մեր հաղթանակն այդ արդյունքներում և վերադառնալ նախապատերազմական իրավիճակին։ Տպավորություն է, որ հայկական կողմն էլ է այդ սկզբուքների շուրջ խոսում, որովհետև այլ փաթեթ չի ներկայացնում, բացի Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթից»։

Զոհրաբ Մնացականյանին և իր թիմին քննադատել են նաև հանդիպման արդյունքները և մանրամասներն ուշ հայտնելու համար։ Ֆեյսբուքյան հարթակում քննարկվում է նաև այն թեզը, որ մեր այժմեական հույսը Դավիթ Տոնոյանն է, քանի որ բանակցությունները տապալվել են և պետք է պատերազմի պատրաստվել։ Մասնավորապես, այդ թեզով բազմիցս հանդես է եկել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Բացի ֆեյսբուքյան հարթակում և օնլայն լրատվականներում հանդիպող քննադատություններից, հրապարակումներ և կարծիքներ հայտնվեցին նաև այն մասին, որ ԱԳ նախարարի Բրատիսավայում հնչեցրած ուղերձը, դիպում և լավ ելույթ էր։

Փաստորեն, լրատվականներն այս տասնօրյակում ԱԳ նախարարին անդրադարձել էին հիմնականում Բրատիսլավակում տեղի ունեցած հանդիպման համատեքստում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ