06  12  2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվելիք առաջիկա քայլերի վերաբերյալ։

Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ փոխանակել են Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ